Դռնփակ. Բուն TV-ի նախագիծը

Երբ տեսադաշտում ունես ամեն ինչ բացի Արարատից, անշուշտ ստորացուցիչ է ու նեռվայնացնող, դա էլ է իհարկե իրականության հետ հարաբերման որոշակի ռազմավարություն՝ նեռվայնանալը, կամ դրա հակառակը՝ եղածով մխիթարվելը, բայց կա նաև կյանքի անկատարությունը տանելի դարձնելու մեկ այլ կերպ՝ այն ընդունելը։ Ընդունողը համակերպվողը չէ, ընդունողը՝ անկատարության և այն այդպիսին գնահատողի հարաբերությունը գիտակցողն է, որոշակի հեռավորությունից դրա հետազոտողը։

Մեր աչքերը հեռուն նայելու համար են նախատեսված։ Հեռվի հետազոտությունը մոտիկի կյանքը հնարավոր դարձնող ֆիզիկական կարիք է։ Հեռվի անմեկնելիությունը մեզ ներշնչում է, որ ի վերջո մոտիկում տեղի ունեցող ամեն ինչ հեռվում է կանխորոշվում։ Ամենամեծ և անիմաստ բաները հեռվում են։ Մոտիկում տակի հարևանի ճաշի հոտն է, վերևի հարևանի պերֆերատրի դռդռոցը, կողքի հարևանների լեզվակռիվը խանդի հողի վրա, ֆուտբոլ տշշող երեխաները, գիշերվա խորը մթնում իր զուգավորման ալգորիթմը գեղգեղող թռչնակը, բայկերների ճռռիկները, բենզալցակայանի հայախոս ռոբոտը, որդեգած ծառը, որ ամեն օր ծարավում է ու կմեռնի, եթե չջրես, մեր չորահացին սովորած ձմեռող թռչունները, կարանտինի մասին հայտարարությունը կարդացող ոստիկանը, ․․․ Մեր աչքերը նախատեսված են հեռուն նայելու համար, բայց կյանքը միշտ մոտակայքում է, մինչդեռ այն մեկնաբանել տքնող ուղեղը՝ ավելի խորը ու հեռակա իմաստ է փնտրում։

Ֆիզիկական դիտանկյունը որոշակի կերպով նաև մտավոր դիտանկյուն է թելադրում։ Բարձր կամուրջների, կիրճերի, վիհերի վրայից ներքև նայելիս մեր մտքերն այլ բնույթ ունեն՝ կիսանկուղում, նեղ միջանցքում, փակուղում՝ մեկ այլ։ Անդունդը հիպնոսացնում է և թմրեցնում ինքնապահպանման բնազդը, մեր թռչելու կարիքն ու թռչելու անկարողության փաստը մի պահ խզվում են իրարից ու դա շատ վտանգավոր ու գայթակղիչ է, բայց քանի որ գրավիտացիան մեզ միշտ ներքև է ձգում ու վաղ թե ուշ ներքևում ենք հայտնվելու, ապա ավելի ու ավելի բարձրից նայելու կարիքը որոշակի էքզիստենցյալ ըմբոստություն է և իմ դիտանկյան բարձրությունը ինձ պարբերաբար սկսում է չհերիքել։

Կյանքի մեր փորձառության մեջ չափազանց քիչ է արձանագրված լռութունը, պարապությունը, պաուզան, մենք անընդհատ կամ մեր պատմությունն ենք խոթում մեկի աչքը, կամ ուրիշի պատմության հետաքրքրված, հաճախ ձանձրացող հանդիսատեսն ենք ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ պարզապես կարելի է վեր կենալ ու դուրս գալ դահլիճից ու թող ոչ ոք գլուխս չտանի, թե դուռը փակ է, քանի որ դուռը միշտ դեպի ներս է բացվում մինչ դու անընդհատ դրսում ես։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *