Դզոն հայտնության

Մի օր, օրերից մի օր անպայման
երբ դու կլինես քաչալ ու իմաստուն
կյանքը նոր ճաշակող մի ապերիկ
տուպիկ կկոխի քեղ էս միամիտ հարցով,
թե՝ ձյաձ, ո՞րն ա էն ամենաչքնաղ բանը,
որ ստեղծել ա մարդը էս արևի տակ,
հետ առնելով փառքը աստվածներից,
մի՞թե հուսահատությունից, նավթից ու սեքսից
ապագա մամլող մեգապոլիսները,
չէ, իմ բարեկամ, չէ
միթե Սանդրոյի Վեներան, որ ասես
գարնան առաջին շունչն է, սիրո առաջին ումպը
հավերժորեն բռնված կտավի մեջ
լավն ա, բայց չէ, մատաղ
բա ի՞նչն ա, ի՞նչն ա, մի՞թե
մեծի փոքրությունն ու փոքրի մեծությունը
մեկնաբանող հարաբերականության բանաձևը,
միթե վարդագույն տռուսիկով Սկառլետն է
լոսթ ին թրանսլեյշնի առաջին էպիզոդում
միթե իբուպրոֆենն է, կենցաղային
տառապանքի չեզոքացման այդ չքնաղ թուրմը,
միթե գալակտիկայի էն էն ինտիմ տեղերը
վստահորեն ներխրված մեր աչքն է
չէ ախպերս, չէ դեռ
միթե մետաղից մոգություն փչող Մայլզն է,
կամ որձաքարերն ասեղնագործած
մեր էն հին վարպետի անանուն մնալու
խոնարհությունը,
չէ, իմ նորաթուխ ընկեր, չէ
միթե պատահականությունների պլանավորման
մեր սևեռուն կամքն է կամ, սպասի, սպասի
ժողովրդավարությու՞նը, անհավասարների
հավասարման այդ միֆական ուխտը կամ էն
մեկը՝ հիպոթետիկ արդարության մասին,
ճապոնական այգի՞ն, որ պոեզիայի մարմինն է
կամ հենց պոեզիա՞ն, ասենք՝ օբշի,
լավ ես ասում ապեր ջան, բայց չէ, լսիր
իմ ապրածը հարգելով լսիր ինձ –
կընդհատես դու էդ տաքգլուխին՝
ամենաչքնաղը բոլոր արարմունքներից
մարդկային բոլոր ստեղծումներից
էդ վարունգ-պամիդորով սալատն ա
վրան մի քիչ աղ ու զեյթունի ձեթ,
կողքից լոռի կամ ֆետա պանիր,
ռեհանի ու ուրցի բուրավետ տերևներով
պսակված, ահա, իմ ախպերիկ
էդ ա մեր ձեռից եկող էն լավագույն դզոնը
որ մենք ընծայել ենք երբևէ էս կյանքին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *