Դզոն պնթիկին

Ուզում էի հայտնել,
որ մարդը ծնվել է բերկրության համար,
բայց ու՞ր թաքցնեմ էսքան տառապանքը,
ուզում էի հայտարարել,
որ մեծ ու կարևոր գործեր կան մեզ սպասող,
բայց ախր թանգարանններն ու դաշտերը
լի են անհուշ կորածների ոսկորներով,
պանթեոններն ու դասագրքերը նույնպես,
ուզում էի երգ ձոնել այս շռայլ արևին,
բայց այն մեզ ակամայից ծնել է,
որ մի օր էլ ակամայից սպանի
ու մենք ուրիշ արևներ ենք հիմա աչքադրում
ակամայից,
ուզում էի հպարտանալ իմաստության համար,
որ կարող է բաներ տեսնել և անվանել,
բայց միայն չիմանալու գիտակցումն է
ախր, միակ հավաստին
կասկածը
ֆաք
սիրելի սերիալիս
միլիոներորդ սեզոնի
միլարդերորդ սերիան
միայն եկող երկուշաբթի կդնեն,
այ քեզ էքզիստենցյալ լոմկա
և օրվա իմ սիրելի ժամին
արշալույսից երեք ժամ առաջ
երբ ամենամութն է, ամենալուռը,
ամենամենամենակը, իսկականից
անջատեցի լույսը, անջատեցի հեռուստացույցը
անջատեցի կոմպը, հեռախոսը, սառնարանը
անջատեցի ուղեղս
ու ամեն ինչի մարելուց առաջ
կես վայրկյան դեռ վառ էր վրայի էն պնթիկը,
անհույս, աննպատակ, ակամայից՝
թողնված ինքն իրեն –
երևի հենց այդ ակնթարթն է
իրական ազատությունը
կյանքի և մահվան և կյանքի և մահվան միջև։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *