Հանուն անաղարտ հայերենի

Սիրանույշ Գևորգյան | www.armenianow.com

«Հայերենն ամենահին կենդանի լեզուն է»:

Եվրատեսիլյան կրքերը դեռ չմարած` հայ հասարակությունն ընկղմվեց մեկ այլ թեժ բանավեճի մեջ` հայոց լեզվի անաղարտության և պահպանման վերաբերյալ:

Լեզվի որակի վերաբերյալ բանավեճերն ու հայ լեզվաբանների տագնապալից ահազանգերը մամուլում ու հեռուստատեսությունում նորություն չեն: Անցյալ շաբաթվանից դրանք ավելի հաճախակի դարձան այն պատճառով, որ դեռ 2005-ից Հայաստանը փետրվարի 21-ին նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենիի միջազգային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն նշում է 1999-ից):

ՀՀ սփյուռքի նախարարությունը այս տարին հռչակել է մայրենիի և ընթերցանության տարի: Անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ լեզվի անաղարտության պահապանները նախևառաջ պետք է լինեն պաշտոնյաները, աշխատանքներ պետք է տանել հեռուստալեզուն և համացանցի լեզուն մաքրելու ուղղությամբ:

Հայ լեզվաբանների հիմնական բողոքը վերաբերում է հեռուստաեթերին, որը լի է ոչ ճիշտ հայերենով հաղորդումներով, ինչն էլ անմիջապես ազդում է հատկապես անչափահասների խոսքի վրա:

Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարիամ Կիրակոսյանն այդ քննադատների թվում է: Ըստ նրա` հեռուստաընկերությունները չպետք է արդարանան` ասելով, թե իրենք ցույց են տալիս այն, ինչ մարդիկ ցանկանում են դիտել:

«Եթե նյութը լինի բովանդակալից ու մաքուր հայերենով, հեռուստադիտողը մեծ հաճույքով կդիտի այն»,- համոզված է Կիրակոսյանը:

ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու ավագ սերնդի շատ գրողներ իրենց քննադատության թիրախ են դարձնում ժամանակակից այն գրողներին, որոնց ստեղծագործություններում կան հայհոյանքներ, գռեհկաբանություններ և ժարգոնային արտահայտություններ:

27-ամյա գրող Կարեն Անտաշյանը, որը ««Անտաշատ. պոեզիա 78%» գրքի հեղինակն է, իրեն չի համարում այն հեղինակներից, որոնք «արդի հայ գրականության մեջ «ավանդական» լեզվաշերտին սուր հակադրում են հայոց լեզվի ժարգոնա-բարբառա-փողոցային ծայրահեղական իջեցումները, թեպետ հիվանդագին էլ չի ընդունում ժամանակ առ ժամանակ իրականացվող այդ փորձերը»: Անտաշյանը, սակայն, դեմ է այն գրականությանը, որը «ոչինչ չի ավելացնում լեզվին»:

«Շատ կարևոր է գիտակցել, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, և չպետք է լեզվի մետամորֆոզներից վախենալ և նրան պաշտպանել այնպես, ինչպես խանդոտ ծնողն իր երեխային է «պաշտպանում» մեծանալուց: Գրական լեզվաշերտն “update” անելու գործում կարևոր է չափի զգացումն ու զուտ գրողական ինտուիցիան, որովհետև ի վերջո ցանկացած լեզվաշերտ վաղեմության ժամկետ ունի»,- ասում է Անտաշյանը:

Երիտասարդ գրողի կարծիքով` հայերենը պետք է ոչ թե պահպանել («պահպանում են այն, ինչ թանգարանային կարևորություն ունի, այսինքն` այլևս մեռած է»), այլ մտածել դրա զարգացման շուրջ:

«Ես կարծում եմ, որ ոչ թե հայոց լեզվի որակի շուրջ է պետք անհանգստանալ, այլ այն կրողների գրագիտության: Քանի դեռ բանավորը դոմինանտ է գրավորի վրա, կամ քանի դեռ մերոնք քիչ են կարդում կամ չեն կարդում ընդհանրապես, ապա բանավոր լեզուն պետք է շարունակի գնալ զարտուղի ճամփեքով»,- ասում է Անտաշյանը:

Նա նաև կարծում է, որ սփյուռքահայերի չորրորդ սերնդի համար, որն արդեն հայերեն չգիտի, պետք է ավելացնել հայերեն ինտերնետային բովանդակության ծավալը, հայերենի ուսուցման թվային միջոցների ստեղծումը:

«Իսկ ընդհանրապես համաշխարհայնացող աշխարհում հայերենի նման քիչ կրողներ ունեցող լեզուները մահանալու վտանգի տակ են: Սակայն իմ «շովինիստական» կարծիքով` աֆրիկյան ինչ-որ ցեղի լեզվի մահն ու հայերենի մահը համաշխարհային մշակույթի համար բնավ էլ նույն արժեքը չունեն: Ամեն դեպքում հայերենը ամենահին կենդանի լեզուներից է»,-մտահոգվում է Անտաշյանը:

Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Հրազդան Մադոյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին հերթին հեռուստատեսությամբ հնչող խոսքը պետք է լինի գրագետ:

«Առաջին հերթին պետք է այն մարդիկ գրագետ խոսեն, որոնք ամեն օր կամ հաճախ են լինում եթերում»,-ասում է լեզվաբանության դոցենտը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *