Նվիրական տոպրակը

Էս վերջերս անվերջ ինչ-որ թղթեր եմ տեղաշարժում պետական հիմնարկների ու կոմունալ ծառայությունների միջակայքում՝ նախագիծ, նախագծի թույլտվություն, թույլտվության երկարաձգում, նախագծի փոփոխություն, փոփոխության հաստատում, վկայական, լիազորագիր, տեղեկանք, անձնագիր, դիմումներ, դիմումների պատասխաններ, կոմունալ ծառայությունների պայմանագրեր, վճարման չեկեր, էդ ամենի նոտարական հաստատումներն ու պատճեները՝ մի խոսքով բյուրոկրատական փորձություններով լի աշխարհում նավարկելու հմայագրերի մի ահռելի զինանոց։ Ու դե գիտեք, միշտ ամեն թիրախային կետում նստած է կյանքից ու մասնավորապես քեզնից ոչ այնքան գոհ ծառայող, պաշտոնյա կամ գործավար, ով լիքը գործ ունի անելու, ում կարեկցանքի ու ապրումակցության պաշարը սպառվել է դեռ Քոչարյանի նախագահության տարիներին, ոմանցը անգամ Գորբաչովի, ով ակնհայտորեն պարտավոր չէ լուծել քո խնդիրները, անգամ եթե ի պաշտոնե դրա համար է այնտեղ նստած, ով տանել չի կարողանում քո ժպիտը, եթե ուրախ ես, քո մուննաթը, եթե կատաղած ես, անձրևը, եթե աշուն է, արևը, եթե ամառ է, ծաղկափոշին, եթե գարուն է, ձյունը, եթե ձմեռ է ու մի հատ ձուն գար էլի, քո փոխարեն հայացքով է միշտ քեզ ընդունում։ Ու դե պատկերացրեք, էդ պայմաններում մի քանի անգամ դեպք եղավ, որ ինչ-որ թուղթ առաջ տալու համար պահանջվեց մեկ այլ թղթի համաժամանակյա առկայություն, համ էլ մեկ ուրիշի պատճեն ու դրա համար գործս հաջորդ օր ընկավ, ուստի, մի օր որոշեցի, որ էս ամբողջ թղթաբանակը լռելյայն հետս ման եմ տալու անկախ նրանից, թե ուր եմ գնում ու ինչ խնդրով։ Տրցակն էլ գնալով մեծացավ էնքան, որ մի օր ստիպված տանը ինձ պատահած առաջին իսկ մեծ թղթե տոպրակի մեջ լցրեցի ամբողջը ու այն (անգամ հենց հիմա) բանալիների, դրամապանակի և այլ դյուրակիր առաջին անհրաժեշտության ռեկվիզիտի հետ կազմ պատրաստ ձեռքի տակ է միշտ։ Տոպրակն էլ հայտնի էլիտար սուպերմարկետներից մեկի նվերի մեծ տոպրակներից է, էն որ տեղ տանելու վիսկի, կոնյակ ու շոկոլադ առնելիս հետը նվեր են տալիս, այսինքն ակնհայտորեն ինչ-որ տոնական հանդիսավորություն ունի իր չափերի, դիզայնի, անգամ բռնակի թելի գույնի մեջ։ Բայց էստեղ մի էական բան փոխվեց իմ բյուրոկրատական փորձառության մեջ և սա նկատեցի բնավ էլ ոչ առաջին այցից։ Երբ էս հանդիսավոր տոպրակով, որն իրականում բեռնված էր թղթերի թղթերի թղթերով, մի անգամ, երբ ներս մտա հերթական պետական դռնից, նստեցի, այն դրեցի կողքս, ինձ համար լրիվ անսպասելի վերոնկարագրյալ ռանդոմ պաշտոնյան սկսեց մի բարեհամբյուր, մի հոգատար, մի նախաձեռնող խնամքով քննել իմ բոլոր հոգսերը ու պտ-պտ լուծել դրանք։ Զարմացա, շփոթվեցի, չհասկացա ինչ է կատարվում, վերագրեցի Յուպիտերի բարենպաստ դիրքին։ Բայց հենց դրա հաջորդ պաշտոնյային այցելելու ժամանակ, երկար, մարդկանցով լի միջանցքով անցնելիս, նկատեցի, որ բոլորը պլշած մեկ ինձ են նայում՝ մեկ տոպրակիս ու հանկարծ ես էլ նկատեցի ձեռքինիս առերևույթ ճչացող անպատեհ հանդիսավորությունը։ Ներս մտա, նստեցի, էլի դրացի ոտքերիս մոտ, էլի ստացա սուպերջերմ վերաբերմունք, վերցրեցի, դուրս եկա ու հասկացա, որ թղթե տոպրակը եղանակ է փոխում՝ հավանաբար ակնկալիքների կողծ ֆոն գեներացնելով կամ ուղղակի հին ու բարի ժամանակների տրիգեռներից մեկը ենթագիտակցորեն գործարկելով։ Հաջորդ անգամ որոշեցի ստուգել հիպոթեզիս ճշտությունը ու տոպրակս դրեցի ոչ թե ոտքերիս տակ, այլ աշխատակից սեղանի կողքը՝ ընթացքում երկիմաստ կիսաժպիտի հետ խորամանակ պլպլացող աչքերս նրա աչքերից չկտրելով։Աշխատեց։ Մարդը հալվեց ապրումակցության հորձանքից, օգնեց, զանգեց ում պետք է, լուծեց, գրեց, տպեց, կնքեց, ստորագրեց, տվեց ինչ որ պետք էր ինձ։ Աշխատեց։ Լայֆհաքը՝ լայֆհաք, էդ ա իմացաք, բայց կախարդական տոպրակս արդեն ճիշտն ասած մաշվել է մեծ հիմնարկների մռայլ միջանցնքերով ու ծեծված դռներով ներս ու դուրս անելուց, ակնհայտորեն կորցրել վաղեմի գրավչությունը, բայց էդ տոպրակներից առանձին չեն վաճառում, ինձ էլ մաղարիչով այցելելու առիթներ չեն լինում վերջերս, այնպես որ, ինչ էի ուզում ասել, եթե ինչ-որ մեկն ուզում է, որ կարդամ իր տեքստերը ու կարծիք ասեմ, էլ լինքեր չուղարկեք, պրինտներ ուղարկեք ու դե գիտեք թե ոնց, ինչի մեջ, համ էլ խիստ բարեհամբյուր կգտնվեմ ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *