Շնորհավոր ամենօր

Երբեք էդքան հստակ չէի գիտակցել, որքան էս տարի, որ այս օրացույցային նոր տարին գլոբալ սոցիալական դավադրություն է՝ հիմնված մեր մանկական պոզիտիվ փորձառության և նորությունների, հրաշքի ու փոփոխությունների սպասման հանդեպ պարզ մարդկային թուլության վրա, որը լիարժեք շահագործվում է վաճառքի ու գովազդի հարթակների կողմից ու այսպիսով անվերջ վերարտադրվում ու վերապրում։ Կարճ ասած՝ սա ֆեյք տոն է, որը մենք իրար ներշնչում ենք ու լռելյայն պայմանավորվում ուրախ պահել մեզ ու լիահույս )) Հնոց տոնակատարումներն ու ծեսերըը գոնե հիմնված էին բնության փոփոխությունների ու երևույթների հետ և այդպիսով, գոնե կապ ունեին իրականության, իրականության տրանսֆորմացիաների փուլերի հետ։
Երևի թե Էս ինքնախաբեության գիտակցման պատճառն այն էր, որ երեխեքը էս տարի առաջին անգամ սկսեցին կասկածներ ունենալ Ձմեռ պապի գոյության հանդեպ ու դրանով մի կարևոր փուլ նաև մեր կյանքում սկսվեց ավարտվել։ Մի բան էլ նրանց փափագած նվերներով առաքանին գլոբինգի պատճառով ուշացավ ամանորի կեսգիշերից, իսկ վերջին պահին կազմակերպվածը՝ համարվեց քիչ մոգականի գոյության միֆը սնելու համար և ավելի շատ հուսահատության արցունքներ եղան, քան ուրախության )) Այո, երեխաները հարկադրված են մեծանալ, իսկ մեծե՞րը․․․
Իրականությունն այն է, որ ժամանակի հոսքն անդադար է, այն օրացույցի վրայի թիվը փոխվելուց չի սկսում այլ կերպ հոսել, մեր վատ իներցիաները չեն զրոյանում կեսգիշերն անց ու մենք հրաշալիորեն չենք փոխվում ու նոր շանսեր հենց այնպես չեն ավելանում ավելի հաջող կյանք ապրելու համար ))
Չէ, բայց ամեն դեպքում այս սպառողական իրարանցման մեջ ամեն դեպքում կա իրական ուրախության հանգամանքը և դա սիրելի ու կարևոր մարդկանց հետ լինելու առիթն է, իրար հետ ուտել-խմելու, իրար գրկելու, պարելու, իրար հետ լինելու հրաշալի առիթը։ Մյուս լավ հանգամանքը հոգեբանական մահացու դեդլայնն է, որ ստիպում ու խրախուսում է լիքը հետաձգված, կիսատ պռատ, թթված գործեր ավարտել, տները կապիտալ ուբոռկա անել, լավացնել հարաբերությունները ինչ-որ մարդկանց հետ, լողանալ, զուգվել և այդ ամենն անել հանդերձյալ կյանքին պատրաստվելու խանդավառությամբ ))
Բայց որպեսզի էլի չասեք, թե կենաց ասել չգիտեմ, վերջում մի տոնական գաղտնիք բացեմ՝ հրաշալի նոր բաները կատարվում են միանգամից, բայց հասունանում են երկար, հաճախ մի ամբողջ կյանք տևողությամբ, հաճախ տասնյակ սերունդներ տևողությամբ, ոչ մի ծառ չի ծաղկում ու պտուղ չի տալիս առանց ծլած ու աճած լինելու․ իմ պատգամը՝ ամեն բացվող օրը դիմավորել այնպես, ասես այն շատ երկար հասունացած, երկար ու դժվարին ճանապարհ անցած նոր բանի հենց ձեզ հայտնության օրն է ու միևնույն ժամանակ շատ շատ հետո, միգուցե ձեր կյանքից էլ անդին տեղի ունենալիք մի չքնաղ բանի սաղմնավորման օրն է միևնույն ժամանակ, այսինքն վայելքի ու պատասխանատվության կատարյալ համադրություն։ Իրականում, հենց այդպես էլ կա։
Ձեր նոր օրը շնորհավոր մեծ ու փոքր աղջիկներ և տղաներ ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *