Շնորհավոր անկախության տոնը

Հայաստանը կարող էր մի հետամնաց մահմեդական երկրի գավառ լինել, Հայաստանը շատ հանգիստ կարող էր և առհասարակ չլինել, որովհետև պատմական հանգամանքները դրա համար ջանք չեն խնայել, բայց այն քիչ մի լինելու խելահեղություն է ունեցել, մի հատ էլ անկախ լինելու երազանք ու այն հռչակելու խելապակասություն։ Թեպետ երիտասասարդներից շատերը, ի տարբերություն հին աշխարհում ծնվածներիս, այս հատուկ խնամքի կարիք ունեցող երկրում իրենց ծնված լինելու հանգամնանքն ընդունում են ի գիտություն, առանց ավելորդ խանդավառության, անգամ խեղճությամբ՝ ամեն դեպքում ճիշտն իրենք են, որովհետև մեզ՝ դինոզավրերիս պես հղում են անում ոչ թե անցյալի դևերին, այլ ներկայի փաստական իրականությանը։ Նրանք դեռ անկախության հռչակման իրենց ճանապարհը պիտի անցնեն, որ ոչ թե մեզ՝ ազատագրված ստրուկներիս պես ասում է «ես անկախ եմ» ու խանդավառվում՝ անհարկի արժեվորում այն ինչ ի ծնե պետք է տրված լինի մարդուն, այլ ասում է, պետք է ասի՝ «ես կարող եմ» և դրանով իսկ հարյուր հազար հնարավորությունների դուռ բացի իր գիտակցության մեջ։ Ժամանակակից աշխարհում, ուր ավելի ու ավելի են լղոզվում ազգային ինքնությունները, նրանք դեռ պետք է ունենալու և լինելու իրենց բնական կարիքը ձևակերպելու քաջությունն ունենան։ Նրանց դեռ պետք է հռչակեն այդ թվում և մեզնից անկախ լինելու, նույնն է թե լինելու իրենց իրավունքը, նույնն է թե Հայաստանին տեր կանգնելու իրենց խոնարհությունը։ Ձեր ցավը տանեմ, սիրեք էս երկիրը, որպես ձեր հիպոտեկով, ծերը-ծերին ձգելով առած տունն եք սիրում, որ այն մի օր իրապես ձերը դառնա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *