Ի սկզբանէ էր բանն

Սիվիլիթասի հերթական հանրային քննարկումը նվիրված էր գրքին, ընթերցանությանը, գիտելիքին: Այս թեման ընտրել էինք ոչ միայն այն պատճառով, որ անցյալ շաբաթ Սիվիլիթասն ավարտեց «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 10 գրադարաններ Հայաստանի տարբեր մարզերում կարողացան հոգալ տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ կարիքների մի մասը` վերանորոգում, ջեռուցում, նոր գրքեր, համակարգիչներ, գույք, կահույք:

Թե՛ գրադարանների բարեկարգման ծրագիրը, թե՛ նաև հոկտեմբերի 15-ին «Ի սկզբանէ էր բանն» թեմայով քննարկումը Սիվիլիթասը նախաձեռնել էր, ելնելով այն համոզմունքից, որ գիրքը ոչ միայն ինտելեկտուալ ժամանցի, այլև տեղեկության, գիտելիքի, մտահորիզոնի մեծացման աղբյուր է: Իսկ գիտելիքը, տեղեկացվածությունը, աշխարհում տեղի ունեցող գործընթացներից անմասն չմնալը, հատկապես մեզ նման սահմանափակ ռեսուրսներով երկրի համար, ազգային անվտանգության նշանակության խնդիր է:

Քննարկման բանախոսներն էին` գրող, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: Քննարկումը վարեց Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը: Տիկին Ղազարանը, որ դեռևս ԱՄՆ-ում ապրած տարիներին գրադարանավար էր, խոսեց այն մասին, որ առնվազն ակնհայտ է, որ այսօր Հայաստանում այդ` գրականության, գրահրատարակչության ոլորտի լուրջ խնդիրներ կան, և առաջարկեց խոսել այն մասին, թե որոնք են այդ խնդիրների պատճառները: Արդյո՞ք առաջարկի, պահանջարկի պակասի, թե՞ քաղաքականության խնդիր կա:

Գրող Կարեն Անտաշյանի կարծիքով Խորհրդային Միության փլուզումին հաջորդող 20 տարին մշակութային կոլապսի շրջան էր: Այսօր, նրա համոզմամբ, պետք է վերլուծել այն շղթան, որ ժամանակին հասցնում էր գրականությունը ընթերցողին, և հասկանալ, թե որն է այդ` այսօր չգործող շղթայի թույլ կետը:

«Ես ամբողջ ծանրաբեռնվածությունը փորձում եմ դնել հրատարակիչների վրա, իսկապես մոտիվացված հաստատությունները, որոնք կոնկրետ վաճառքից կոնկրետ շահ ունեն»:

Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց, որ հրատարակչությունն այսօր, որպես կանոն շահ չունի: Վրաստանում այսօր վաճառվում են գրքեր, որոնք Հայաստանում չեն վաճառվում:

«Հայաստանում մեկ կիլոգրամ խնձորը ավելի թանկ արժի քան մեկ կիլոգրամ գիրքը: Չկա ոչ մի իր, որ ավելի էժան արժենա, քան գիրքը: Մեր հասարակությունը չի գնահատում ինտելեկտը, մեր հասարակությունը չի գնահատում միտքը: Չգնահատելու համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Պետությունը, հասարակությունը, հրատարակիչները, բոլորս մեր մեղքի լուման ունենք այդտեղ և պիտի ուղղենք»:

«Եթե երեխան, մեծը, հասարակության ցանկացած մարդ տեսնում է, որ կարողության հասնում է գողը, խաբեբան, հաստավիզը, ապա նա ուզում է դառնալ նմանը»:

Սալբի Ղազարյանը հարց ուղղեց Ներսես Հայրապետյանին, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանի բոլոր գրադարանների հետ: Արդյո՞ք ընթերցողներն իրոք կարոտ են լավ գրքերի, արդյո՞ք գրադարանների մոտ հերթեր կան:

Ներսես Հայրապետյանը, որ հարուստ փորձ ունի գրադարանների հետ աշխատանքի ոլորտում, խոսեց այն մասին, որ արդեն 20 տարի է քննարկվում է, թե արդյո՞ք անհրաժեշտ է այսքան գրադարան պահել, հատկապես` գյուղական բնակավայրերում:

«Մեծ ռեսուրսներ են պահանջվում գրադարանային ցանցը ոտքի կանգնեցնելու համար: Կարծում եմ, պետք է մի քանի մոդել մշակել: Ամերիկյան դեսպանությունը անցյալ տարի Սիվիլիթաս հիմնադրամի միջոցով իրականացրեց «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագիրը, և այն գրադարաններում, որտեղ բարվոք միջավայր է ստեղծվել, ընթերցողների թիվն ավելացել է»:

Կարեն Անտաշյանը գրքի քարոզման նոր մոտեցում առաջարկեց: Նրա համոզմամբ, պետք է քարոզել ինտելեկտը, գիրքը և գրականությունը որպես նորաձևություն:

«Պետք է քարոզել մի գաղափար, որ ինտելեկտուալ լինելը կամ ձեռքին գիրք ունենալը կամ գիրք նվիրելը նորաձև է: Հենց նորաձևության խայծի վրա կարելի է հայերին բռնել»:

Շարունակելով քարոզչության անհրաժեշտության գաղափարը, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը խոսեց պետության պատասխանատվության մասին: Քարոզչությունը պետք է պետական մակարդակով իրականացվի: Եվ կարևոր է, որ այն սկսվի դպրոցներից:

“Ովքե՞ր են այսօր մեր «օրինակները», հաստավզերն են, օլիգարխներն են, թե՞ այլ հերոսներ պետք է լինեն: Ինչպե՞ս կարելի է մեր ապագա սերնդի մոտ հետաքրքրություն առաջացնել: Նաև մեր մտավորականները պետք է համարձակ, խիզախ և օրվա մտահոգությունները արտահայտող և մեր հասարակությանը հետաքրքրող թեմաների շուրջ գրեն, «չքաղաքականացվեն», «չիշխանականացվեն»:

«Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը հետաքրքիր բացահայտում արեց, ասելով, որ փիլիսոփայության գրքերը, որ իրենք հրատարակում են, չեն կարդում մասնագետները` Համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի դասախոսները, ուսանողները: Կարդում են պարզապես անհատներ, որոնք ունեն ինտելեկտուալ հետաքրքրություն:

Երիտասարդ գրող Արամ Պաչյանն ասաց, որ պետպատվերով հրատարակված գրքերի ողջ տպաքանակը` մի քանի հարյուր օրինակ, ի վերջո գրողին է վաճառվում, և տարածման ուղղությամբ որևէ ջանք չի գործադրվում: Պետությունը կանգնած չէ գրողի կողքին:

Եզրափակելով քննարկումը՝ Սալբի Ղազարյանն ասաց, որ քննարկման ընթացքում բարձրացվեցին շատ հարցեր, իսկ պատասխանները կարելի է շարունակել փնտրել առցանց քննարկումների ժամանակ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *