Ներսը և Դուրսը. զրույզ Արամ Պաչյանի հետ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվել է արձակագիր Արամ Պաչյանին: Դա լավ առիթ էր, որ զրուցեմ “Գրանիշի” սիրված հեղինակներից մեկի և իմ լավ ընկերոջ հետ: Հուսով եմ` այս զրույցը Արամ Պաչյանի գրականության սիրահարներին ևս մեկ լրացուցիչ հնարավորություն կտա բացահայտելու նրա խորհրդավոր ներաշխարհը, իսկ նրան չճանաչողների մոտ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի տաղանդավոր արձակագրի հանդեպ:

Կ.Ա. – Շնորհավորում եմ մրցանակի առթիվ, հուսով եմ` այն նոր ստեղծագործական լիցք կհաղորդի, նաև առիթն օգտագործելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել “Գրանիշին” մշտապես նյութեր տրամադրելու համար: Ի՞նչ տվեց քեզ այս մրցանակը:  Ինչպե՞ս ես վերաբերվում մրցանակներին ընդհանրապես և մասնավորապես` Հայաստանում տրվող գրական մրցանակներին:

Ա.Պ. – Եսիմ, չգիտեմ, ժամանակ կար, որ անկեղծորեն ուզում էի մրցանակներ ստանալ, բայց հետո երկար մտածեցի ու հասկացա, որ մրցանակները գրականության հետ բացարձակապես որևէ կապ չունեն. գրականությունը ձիավազք չէ կամ քննություն: Սկզբում, երբ գրում ես, չես մտածում ընթերցողների մասին, մենակ քո աշխարհի մասին ես մտածում, չես մտածում մարդկանց մասին, ովքեր կարդալու են գրածդ, ինչ են ասելու գրածիդ մասին. կարևորը` քո բավարարվածությունը լինի` էսթետիկորեն ու կատարողականությամբ, կարևորը` ինքդ քեզ հասցնես ասելիքդ, քո ԵՍ-ի ամենաքննադատ մասին համոզես, որ քո ստեղծածը գրականություն է, մնացածը այլ հանգամանքների հետ է կապված` ինչքանով արժեք կունենա ստեղծագործությունդ` ժամանակի, տարածության, մարդկային կյանքի փոփոխությունների ներսում: Երբ իմացա, որ մրցանակը ինձ են շնորհել, հոգուս խորքում ուրախացա հենց տրվող գումարի համար, ուրախացա, որ տնեցիներին ապացուցելու եմ, որ ես էլ էս կյանքում ինչ-որ արժեք ունեմ և գրելով ունակ եմ մի փոքր փող վաստակելու: Հայաստանում տրվող գրական մրցանակների շուրջ միշտ մութ խոսակցություններ են պտտվում, և արդարացի, բայց իմ դեպքում կարող եմ ասել, որ ամեն ինչ մաքուր է եղել:

Կ.Ա. – Ինչպե՞ս է քեզ համար հասունանում թեման, որի մասին գրելու ես:

Ա.Պ. – Թեման, կարծես առանձին մի պրոցես լինի, որ միշտ կա ենթագիտակցությանս մեջ ու հասունանանում է օր օրի. ես կասեի` անընդհատ: Ինձ համար թեման այն ապրումն է, որը ճանաչում եմ և անկախ իմ կամքից` շատ ժամանակ ասելիքս բխում է հենց այդ ապրումի պատկերացումներից, ուզում եմ հասկանալ ու վերլուծել ապրումի ու երևակայության մեջտեղում հայտնված մարդուն: Մտածում եմ, որ թեմաներն են ընտրում գրողներին, և ոչ թե գրողները թեմաներին: Եթե գրողները, ասենք, ընտրում են տվյալ թեման, դա էլ պատահական չէ, ուրեմն` ինչ-որ մի ներքին ձայն ուղղորդում է նրանց:

Կ.Ա. – Իսկ քեզ «առաջադրված» թեման ավելի շատ ինքնահաղթահարու՞մ է, թե՞ աշխարհի հետ հաղորդակցվելու ձև, ասենք` քեզ շրջապատող աշխարհում ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բանի դեմ պայքարելու, ինչ-որ բան ուղղակի մատնանշելու կամ մարդկանց համար ինչ-որ բան բացահայտելու միջոց:

Ա.Պ. – Ավելի շատ ինքս ինձ հետ հաղորդակցվելու միջոց է, ինքս ինձնից վրեժ լուծելու միջոց, անզորությունից եկող երևույթ, երբեք չեմ մտածում աշխարհի հետ հաղորդակցվելու մասին. իմ կարծիքով` գրականությունը առաջին հերթին ինքդ քեզ հետ հաղորդակցվելու լեզու է: Աշխարհում ու մարդկանց հոգիների մեջ շատ բան չի փոխվում, ու ես չեմ հավատում, որ գրողը կարող է մեծ իմաստով ինչ-որ բան փոխել, նա կարող է ստեղծել ու ցույց տալ կյանքի սեփական ընկալումը:

Կ.Ա. – Այդ դեպքում ո՞րն է օրագրային գրառման և գրականության տարբերությունը:

Ա.Պ. – Օրագրային գրառումն այն է, ինչ եղել է օրվա մեջ, իսկ գրականությունը այն է, ինչ լինելու է ապագայում, կամ ընդհանրապես չի լինելու ապրածդ կյանքում, այլ  միայն երևակայական աշխարհում. Օրինակ, ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ գնում եմ Դեֆոյի, Ռուշդիի, Լեվիի ստեղծած աշխարհները, որտեղ անհավանական երևակայությունը կրկնակի հաճելի է ու ճշմարտացի, քան, ասենք, Զոլայի չոր ու բուռն կյանքը: Մյուս կողմից` ասենք, Գոմբրովիչի օրագրային գրառումները նույնքան գրականություն են ինձ համար, որքան շատ վեպեր ու պատմվածքներ:

Կ.Ա. – Որքան հասկացա` գրականությունը քեզ համար փախչելու տեղ է: Իսկ երբևէ չե՞ս կասկածել գրականությանը. համոզված եմ` եղել են այդպիսի իրավիճակներ. այդ դեպքում ու՞ր ես ուզել փախչել գրականությունից:

Ա.Պ. – Վարգաս Լյոսան ասում է, որ գրականությունը նման է խոշոր որդի, որ նստած է ստամոքսիդ մեջ, քո ընդունած յուրաքանչյուր կերակուր ոչ թե քեզ, այլ հենց այդ որդին է սնում: Ուր ուզում ես գնա, փախչելու շանսեր չկան. որդը ստամոքսիդ մեջ նստած միշտ քեզ հետ է: Իսկ կասկածելու առումով` ամեն օր ես կասկածում եմ ամեն ինչին, ուր մնաց գրականությանը. գրականության պատմության մեջ գրողների ինքնասպանության բազմաթիվ դեպքեր կան, արդյո՞ք դրանք հենց այդ կասկածների արդյունք չեն: Չեմ կարծում, որ գրականությունը փախչելու տեղ է. գրականությունը երևի ավելի շատ ապրելաձև է:

Կ.Ա. – Քո կարծիքով ինչպե՞ս կարելի է վերականգնել ժողովրդի հավատը արդի հայ գրականության հանդեպ, և ընդհանրապես հետաքրքրություն առաջացնել գրականության ու ընթերցանության նկատմամբ:

Ա.Պ. – Խոսելով գրականության մասին, պատմելով մեկը մյուսին կարդացած պատմվածքների, բանաստեղծությունների, արդի գրողների մասին: Այս ամենը նախևառաջ պիտի պետականորեն արվի` հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով, չգիտեմ, ամեն հնարավոր միջոցներով… չնայած` հեռուստատեսության վրա հույս դնելն անօգուտ է, հնարավոր է` ինտերնետն իր վրա վերցնի այդ խնդիրը, դու ավելի լավ գիտես` ինչպես կարելի է ինտերնետով անել դա ու հետո, ես գնալով համոզվում եմ, որ մեր ժողովուրդը էդքան էլ գրականություն սիրող ժողովուրդ չէ ու մանավանդ ընթերցասեր: Ավելի շատ գրականության նկատմամբ ձևամոլություն կա, քանի որ այն, ինչ փող չի բերում, փռթկոց է առաջացնում: Արդի հայ գրականության նկատմամբ հավատ կառաջանա այն ժամանակ, երբ մարդիկ կվերադառնան ընթերցանությանը, կհետաքրքրվեն արդի հայ գրողների գործերով, բայց մի բան ասեմ, արդի հայ գրողներն էլ երբեք ընթերցողներ չեն ունենա, կլինեն մի քանի հոգի, իսկական, պարզ, ինտելեկտուալ մարդիկ, չնայած երևի միշտ էլ էդպես է եղել…

Կ.Ա. – Արամ, իսկ երբևէ մտածել ե՞ս Հայաստանից գնալու, թեկուզ ոչ մշտական, բայց ինչ-որ x ժամանակ արտասահմանում ապրելու, նաև ոչ հայերենով գրելու մասին: Ուզում եմ իմանալ` քեզ ու քո գրականությունը պատկերացնու՞մ ես Հայաստանից ու հայերենից դուրս, այլ ծիրում:

Ա.Պ. – Ամեն օր եմ մտածում գնալու մասին, տարածքը փոխելու մասին, լրիվ հեռանալու մեր երկրից, մեր քաղաքից, ինձ որպես մարդ, քաղաքացի այստեղ չեմ զգում, պատճառներ շատ կան… Նաբոկովը, Բեքետը, Քոնրադը կյանքի բերումով ստիպված էին փոխել իրենց ազգային լեզուն, բայց մտածողությունը փոխել չհաջողվեց, որովհետև մտածողությունը գենետիկայի հետ կապված խնդիր է նաև, մտածողությունը մնաց ռուսական, իռլանդական, լեհական, իսկ, ասենք, Շանդոր Մարայը համարյա ողջ կյանքն անցկացրեց Հունգարիայից դուրս, սակայն երբեք չփոխեց լեզուն: Շատ բարդ հարց է…

Կ.Ա. – Ինչ կհղես այն թեկուզ սակավաթիվ, բայց «իրական» ընթերցողներին, ովքեր իրոք կան և ովքեր հատկապես կարդում են քո գրականությունն ու նույնիսկ սպասում են քո ամեն մի նոր գործին:

Ա.Պ. – Ընթերցողներին կուզեի ասել, որ ես շատ հարգում եմ իրենց, հարգում եմ, որ գիտեն, զգում են ընթերցանության գինը, ընթերցանության հաճույքը, որ կարևորում են իրենց կյանքում ընթերցանությունը:


Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *