Հրաշալի է, որ մենք ընդամենը հիվանդ ենք եւ ոչ թե մեռած

«Ժամանակ» | Սիրանույշ Պապյան

– Կարե՛ն, Երեւանը 2012թ. ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ի դեպ, Երեւանը ընտրվել է իր ներկայացրած ծրագրի բազմաշերտության շնորհիվ: Հանձնաժողովի անդամները նշել են, որ սա շատ մանրազնին կազմված ծրագիր է, հարուստ եւ իրականանալի մի ծրագիր, որի թեմաները հատկապես կարեւորում են խոսքի ազատությունը եւ երեխաներին` որպես վաղվա ընթերցողների եւ հեղինակների: Որպես գրող` ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք այս մասին: Արդյո՞ք սա թոզփչոցի չէ աշխարհի աչքերին:
– Հետաքրքիր բան ստացվեց, մինչ հնարավոր բոլոր տեղերում բողոքում էինք, որ մերոնք չեն կարդում, որ գիրք գնելու մշակույթը սովետական ուտոպիայի դարաշրջանում է մնացել, որ գրադարանների մեծ մասը ահավոր վիճակում են, որ ցանկացած ժամանակակից հեղինակ 500-1000 օրինակից ավել չի տպվում, որ պետպատվերով տպվող գրքերի մեծամասնությունը տեխնիկական խոտան են եւ այլն, եւ այլն, մեկ էլ մի օր լուրերով մարդիկ ասեցին, որ Երեւանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012, ու մենք չիմացանք` ինչպես արձագանքել այդ լուրին, որովհետեւ ծանոթով կարմիր դիպլոմ ստացած ուսանողի պես անարժանության ներքին զգացումը կար մեր մեջ: Խուճապն անցավ, իսկ այս պահի դրությամբ. «Դուք ո՞ւր էիք, արա, որ մենք մատյաններ էինք ծաղկում…», եւ հիմնավորումը մնում է ակտուալ լոպպազություն, իսկ Երիտասարդականի անցումների գրքերի գերեզմանոց-վաճառքը տաղավարային առեւտրի բերելու հայտարարությունը միակ շոշափելի ծրագիրը:
Ինչ վերաբերում է թոզ փչելուն` գրանտային կամ որեւէ այլ հավակնություններով ցանկացած ծրագիր ունի իր մեջ ուտոպիստական թոզփչոցու տարրը, ու դա նորմալ է ե՛ւ ծրագիրը գրողի, ե՛ւ դոնորի համար: Ու եթե թեկուզ հենց միայն պուպուշ ծրագրով մերոնք կարողացել են այդ կոչումը բերել Երեւան` դա ուղղակի հրաշալի է, համենայնդեպս իմ ու իմ ընկերների նման առավոտից առավոտ գիր ու գրականություն քարոզելու վրա խախտված անհուսորեն գրախախտների համար` մի օր հաջողելու հույս:
– Շատերն են պնդում, որ մեր երկիրը հիվանդ է: Կարո՞ղ եք ասել` ի՞նչ հիվանդ է եւ ո՞րն է այդ հիվանդության պատճառը, մարդի՞կ են հիվանդ, թե՞ հողը: Հետաքրքիր է, երբ հայ մարդը հայտնվում է արտասահմանում, դառնում է օրինապաշտ եւ կարգապահ: Նույն այդ մարդը այս հողի վրա լրիվ հակառակ է դրսեւորվում:
– Սկսենք նրանից, որ հրաշալի է, որ մենք ընդամենը հիվանդ ենք եւ ոչ թե մեռած, չնայած որ մեռնելու համար բավարար պատճառներ միշտ ունեցել ենք: Եթե սկսում ենք այն պոստուլատից, թե` «SOS! Երկիրը հիվանդ է», ուրեմն ես եւ Դուք նույնպես հիվանդ ենք, եւ հավանաբար` միեւնույն հիվանդությամբ… Իսկ հողը, հացը, երկիրը, մարդիկ, գենը` ջրի հիմքով ամեն ինչ ժամանակի ընթացքում ինքնամաքրվում է: Ես մնացել եմ, որովհետեւ հավատում եմ ջրի ինքնամաքրմանը: Իսկ գնացողներից նրանք, որոնք իրոք իրենց խելոք են պահում դրսում, խելոք են ըստ էության, սակայն, ցավոք սրտի, օտար կեցության համակարգերում, հայերի մեջ նրանք նույնպես փոքրամասնություն են: Դուք հավանաբար չեք եղել Հայաստանի միացյալ նահանգներում:
Իսկ ընդհանուր առմամբ կյանքը ինքը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, ապրում ենք` ուրեմն հիվանդ ենք…
– Հասարակության մեջ լարում կա, որտեղի՞ց է գալիս այդ լարումը: Բանակում սպանությունների ու ինքնասպանությունների «շքերթ» է, հասարակության մեջ մի տեսակ պրկված լարում կա: Ինչպե՞ս կարելի է մեղմել այդ լարումը:
– Ներբանակային պատճառներով սպանություններն ու մահվան ելքով այլ դեպքերը նորություն չեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ ծառայության ընթացքում դրանք շատ ավելի շատ էին: Սակայն նորություն է այն, որ այդ դեպքերն արդեն հասարակական արձագանք են ստանում ու հանրային ճնշման գոտի են ձեւավորում բանակային ղեկավարության վրա: Պետք է նշեմ նաեւ, որ բանակը, որպես մեծ թվով տղամարդկանց շփման փակ համակարգ, ագրեսիայի եւ բռնության դրսեւորման ամենառիսկային ինստիտուտներից է, եւ այն, ինչ մենք ցանում ենք դպրոցում, փողոցում, համալսարանում (այդ թվում նաեւ ռազմական ակադեմիաներում), հետո դիակների, չարաշահումների ու խեղված ճակատագրերի ձեւով վարձք ենք ստանում բանակից: Սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ իմ ծառայության երկու տարիների ընթացքում բանակում բազմաթիվ բարեշրջություններ են եղել` ինչպես նյութական ապահովման, այնպես էլ մարդկային հարաբերությունների մեջ: Չնայած որ շատ բան դեռեւս հեռու է կատարյալ լինելուց, ի դեպ, իմ «Փիղը» պատմվածքը հենց ժամանակակից հայկական բանակում տիրող, այսպես կոչված, «ոչ կանոնադրական հարաբերությունների» մասին է նաեւ:
– Գրողը հասարակության խնդիրների արտահայտիչն է: Ինչ եք կարծում` այսօր արդի հայ գրողի ստեղծագործությունը կարո՞ղ է թուլացնել հասարակության մտքում կուտակվածը այն աստիճան, որ հայ մարդը, օրինակ, ինքնասպանության դրդող պատճառները այլ տեսանկյունից նայի ու չհասնի դրան:
– Չափազանց մեծ պարտավորություն եք դնում գրողի վրա, որովհետեւ նա հիմնականում մեկն է, ով գրելով հենց ինքն իր մահվան միտքն է փորձում հաղթահարել… այդ դեպքում ինչո՞վ պիտի զբաղվեն տնտեսագետները, բժիշկները, ճանապարհային ավտոտեսուչները, հացթուխները, քաղաքական գործիչները, արտակարգ իրավիճակների վարչությունը, պաշտոնական եկեղեցին ու աղանդավորականները: Իսկական գրականությունը մարդուն փրկելու առաքելություն չունի, չնայած որ կարող է մատնանշել ինչպես փրկվելու, այնպես էլ կործանվելու ուղիներ:
Եվ բացի այդ, քանի որ մեծամասնության համար Րաֆֆու «Սամվելը» դեռեւս նախորդ հազարամյակում բացված վերջին գիրքն է, իսկ Սեւակն ու Շիրազը միակ սիրելի (կարդացված չլինելով հանդերձ) գրողները, ապա ազգը փրկելու հարցում գրականության վրա հաստատ հույս դնել չի կարելի: Չնայած չեմ ժխտում, որ եթե առավել շատ կարդանք` առավել լավը կլինենք:
– Իսկ գուցե այս ամենում հայկական հեքիաթնե՞րն են մեղավոր: Մեր հեքիաթներում բոլորը ձախորդներ, փանոսներ, սուտլիկներ եւ նազարներ են: Ստացվում է` որ մեր իրականությունը, միջընկերային հարաբերությունները մի տեսակ մեր հեքիաթների արտացոլանքն են:
– Հեքիաթները շատ խորը ազգային ենթագիտակցական շերտեր են բացահայտում, եւ ի սկզբանե բոլոր հեքիաթները չէ, որ ստեղծվել են երեխաներին քնելուց առաջ կարդալու համար: Թումանյանը հայկական հեքիաթների իր մշակումներով աբսուրդի գրականության հիանալի ժառանգություն է կուտակել եւ նրա բոլոր հիմնականում բացասական հերոսները հենց ազգային ենթագիտակցականում կերպավորված բացասական էներգիան են մարմնավորում: Հենց սովետական իբր էթնիկ սուբմշակույթով կուլտմասսայական դաստիարակության իրացման խերն է, որ մանկապարտեզում Քաջ Նազարներ ու Ձախորդ Փանոսներ են ներարկում ճուտիկների ենթագիտակցություն: Չեմ կարծում, թե Թումանյանն ինքը դրան կողմնակից կլիներ: Սակայն ի հակադրություն սրան, մենք ունենք ազգային էպոս, որտեղ կա դրական, բացասական ու անսեռ հերոսների մի ամբողջ պարբերական համակարգ, եւ յուրաքանչյուրը կարող է իրեն գտնել այնտեղ:
– Հայ երեխան չունի ապրող հերոսի իդեալ: Ի՞նչ արժեքներով պետք է հասունանա հասարակության վաղվա ներկայացուցիչը:
– Երեխաները սպունգի պես ներծծում են իրենց շրջակա միջավայրում առկա մշակութային շերտը: Իսկ այսoր այն լեցուն է սերիալներով, որտեղ վատ են խաղում, ու ամեն ինչ մի կողմ` վարում են հակաինտելեկտուալ երկխոսություններ:
Օրինակ` իմ զինվորներից մեկը համոզված էր, որ Սասունցի Դավիթը կայարանում է թաղված, իսկ Վարդան Մամիկոնյանը` «Վերնիսաժի» դիմաց: Նա դիտել էր Ռեմբո ֆիլմի բոլոր 5 սերիաները ու երեւի նաեւ Ռեմբոյի վերադարձից մի բան: Նրա հերոսը իրենց թաղի Գոնչն էր, ով ուներ «Նիվա», քաբաբնոցի օբյեկտ Շրջանայինում, սեւ ակնոցներ, Դավիդոֆ սիգարետ էր ծխում եւ ուներ Մարիշ անունով նանար: Սակայն ինձ հետ 6 ամիս նույն հենակետում ծառայելով` նա զորացրումից հետո գործերը տվեց համալսարանի ֆիզմաթ (չնայած հիմա փոշմանել է, որ տնտեսագիտական չի տվել):
– Կարեն Անտաշյանը աշխատում է` մինչեւ 7-ը պետության համար, 7-ից հետո` պետության դեմ: Ինչպե՞ս հասկանալ Facebook-յան Ձեր այս միտքը:
– Ամենաուղիղ իմաստով. մինչեւ 7-ը աշխատածիս համար հարկեր եմ վճարում պետությանը, իսկ 7-ից հետո իրականացվող շահույթ հետապնդող գործունեությունս գործում է, այսպես կոչված, «ստվերում»:
Հարցազրույցն արտատպված է «Ժամանակ» օրաթերթի կայքից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *