Քո կարոտից

Քո կարոտից
անհասցե ծնվածների մի սեզոն նայեցի,
լահմաջո կերա երիտասարդականում,
մինիմալը հազարով՝ ծխած օպել նստեցի,
հարցազրույցի գնացի առաջին էյեմ –
հա, հեչ ինձ չեմ խնայում
քո կարոտից
նոր մաշկած վարդագույն պամելոյի
կեղևե թասակը դրեցի գլխիս ու
ով նարե-նարեն շվշվեցի,
էն կանաչ շորով աղջիկը ժպտաց մեջքանց,
բայց, ասա, որ դու էլ ես իրան սիրում
քո կարոտից
տունը մաքրտելու պերֆորմանս արեցի –
ապրվող սուպերսիմետրիայիդ փոխարեն
ստացվեց սև խոռոչների ծածկադմփոց,
արդուկը, ի դեպ, լրիվ ավելորդ է
կենցաղային տիեզերակարգում
քո կարոտից
մուննաթ դեմքով կանաչ սերինոսները
գիշեր ու զօր չռթում են կապույտ գիհին
ագռավները չորահաց է, որ կրում են
տատրակները դախ-դախ գնում-գալիս
ճնճղուկները բզկտում են իրար
նախաճաշից քերած գրեչկայի համար
չգիտեն, որ բան չմնաց, էս ա գալիս ես`
կկերակրես բոլորիս մարդավարի
քո կարոտից
Երևանը թմրել է տարկովսկիոտ մշուշում
ու ցրտերը մոտենում են տոտիկ-տոտիկ,
բոլորի տուն շտապելը միանգամից բռնում
ու խցում են ճամփեքը հեռու մոտիկ,
հարևաններն էլ ընդե՝ տոնածառը դրին,
իսկ մենք դեռ կոֆեի շուրջ չենք վերլուծել
օրացույցային տոների ունայնությունը,
կյանքը՝ մեյդ ին չայնա՝
ինչ-որ բանի նման է, բայց դե էն չի
քո կարոտից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *