Առավոտ լուսո

Առավոտ․ գործերով

Առավոտ․ գործերով

Շրջայցերի ու գլխավորից բամբասելու արանքում
կեսաչք քնած բուժանձնակազմը առողջ ժպտում է
բոլոր տնքտնաքցող հիվանդներին լսցնելով,
որ ակնհայտորեն չափազանցված են
նրանց անմարդկային տառապանքները –
50 մգ նապրոկսեն միջմկանային սրան։
Տաքսիստը ճմլկոտելով առաջին կանչին է ելնում՝
մտքի մեջ ծխախոտը, որ պետք է ներքաշի
պատվերների արանքում երևանյան մշուշի հետ
միջին դասին գործերով ցրելու միջակայքերում
և խցանումներից մի հանգի բողոքելուն զուգահեռ։
Վաճառողը հորանջելով սիրունացնում է
տաք օրերից խնայված ընդեղենի բուրգերը՝
տիեզերքի վեց քառակուսիանոց սեգմենտը
վստահված իր խոնարհ հոգածությանը։
Երկրի բոլոր գիշերային պահակները
օդափոխում են ճենջահոտն իրենց խցերի
և զգոնություն ձևացնող դեմքով
էժանանոց սուրճի մրուրը ֆռթցնում
քանի դեռ չի նշմարվել շեֆի ավտոն։
Անկողնու տաքը դեռ մաշկի տակ՝
սերունդներին կրթելուց առաջ
սիրունանում են վաստակավոր ուսուցչուհիները։
Ստատուսչին պարտավոր է փաստել
չապրվող երկուշաբթիների անկապությունը
համեմելով քոչարյանի ու ձմռան մասին
արդեն ձանձրացնող հումորներով։
Երիտասարդ ընդդիմադիր քաղգործիչը
նոր պարզված փաստերն է համադրում
ցնցող հայտարարության համար
և մի քիչ հարմարացնում չհամադրվողները,
որովհետև ճշմարտության բարձրաձայնումը
ժողովուրդին զվարճացնելու մի կերպ է
անայլընտրանք գործ է, որը պետք է արվի։
Սեղմագիր տերունական աղոթքից
և երեցկնոջը թաքուն օդային պաչիկից հետո
տեր հայրը ձեռագիր ծոցատետրից
կնունքների ու հարսանիքների գրաֆիկն է
անց կացնում գուգլ կալենդար
ու արանքում պատուհաններ աչքադրում
հոգեհանգստայան արարողություն խցկելու,
որ ցավոք նախապես չես պլանավորի։

Իսկ ե՞ս ինչ անեմ
հանրային բարիք արտադրելու համար –
երթամ ձեզի համար թիթեռ նկարեմ,
գարնան սպասումից փորիկում խլվլացող
գույնզգույն թիթեռնիկներ –
հա, պոեզիան, ինքը, հիմնականում
սենց ղզիկ գործ ա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *