orhnyal.am

Ով հայ օգտատեր,
ես քեզ օրհնում եմ, որ ունենա՛ս։
Ունենաս հաց և միս,
ունենաս ծխախոտ ու թմրախոտ մեկ-մեկ
ունենաս երկար կյանք և քաջառողջություն,
ունենաս տուն, լավ գոնե հիպոտեկ,
ունենաս լուսամուտ արարատի վրա
լավ գոնե արագածով
ունենաս ավտո, թեկուզ օպել աստրա ջի
ունենաս չուլան և լավ հարևաններ
ունենաս մանղալ և հեռուստացույց
ունենաս ինետերնետ անսահմանափակ
սուրճ ունենաս հանապազօրյա
ունենաս անանաս ամանորյա սեղանին
ունենաս սիրելի հավատարիմ ամուսին
և խելոք, ասծու պահած երեխաներ
ունենաս թաքուն սիրած թեկուզ երեքը
ունենաս կայուն մասնագիտական աշխատանք
թեկուզ պետական, թեկուզ օրգանում
ունենաս օրգազմներ անհատնում
ունենաս խմելու ընկերներ և մարդամեջի
ունենաս քո թայֆան, տուսովկեն, կռուգը,
ունենաս դիպլոմ, թեկուզ պոլիտեխնիկի
ունենաս երկիր հնամենի, սիրուն,
թեկուզ պուճուր, բայց կայուն-սեփական,
որ ֆորբսի ցուցակներից տուն չգա
ունենաս իմաստուն և խիզախ վարչապետ
կոմպլեկտում զիլ ԱԺ ունենաս
ունենաս թույն ֆուտբոլ և շախմատ և ձյուդո
(ձյուդոիստ բարեկամ ունեմ ուղղակի)
ունենաս խաղաղություն սահմաններիդ
և ճամփեքիդ փորձառու վարորդներ
(ոչ մի հոծ գծից պռոծիվ մտնող անասուն չունենաս)
ունենաս շենգեն մուլտիվիզա անշուշտ
և ԱՄՆ լեգալ մուտքի արտոնագիր
ունենաս օրացույցային արձակուրդ և փող
ախ, փող, ունենաս, ունենաս, ունենաս
դե գոնե լավ հարևանիցդ շատ
այ ծով չեմ կարող խոստանալ, բայց
ունենաս ծովափնյա ամառանոց, խնդրեմ
լեռներիդ քաչալ լանջերին
ունենաս նորատունկ ծառեր ու լեդով խաչեր
թոշակ ունենաս արևմտաեվրոպական
և խաղաղությամբ առհավետ հանգչելու
4 քառակուսի հայրենի հող ունենաս․․․

․․․ բարի վերադարձ orhnyal.am-ի ելային աշխարհ, զանգը ձայնագրվում է ձեր համբերությունը չարաշահելու նկատառումներով, եթե դուք լսում եք այս հրահանգը, ուրեմն ձեր կենաց հաշիվը սպառվել է, խնդրում ենք լիցքավորել մոտակա սպասարկման կենտրոնում և շարունակել խաղը, հիշեցնում ենք, որ նախորդում կենացների և տառապանքի չափազանց մեծ չափաբաժնով համակարգը ծանրաբեռնելու համար հաջորդ խաղում դուք կարող եք ծնվել միայն իբրև զվարճացուցիչ կամ հաճույքի խթանիչ իր` որևէ արևադարձային երկրում – շեփոր, մանդարին, պոպոքջարդիչ, թթվի քար կամ մտրակ՝ թայլանդական մերսման սրահում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *