Սխալ տեղ

Մաքսային պահեստում եմ: Ով եղել է, գիտի՝ ինչ չքնաղ տեղ է, ով չգիտի՝ հիմա կպատմեմ, բայց նախապես ասեմ, որ Դանթեի քավարանի հետ ռոմանտիկ զուգամմիտումները լրիվ անլուրջ կլինեն ձեր կողմից։ Տոթ, բեռների մաքսազերծման սպասողների ու արտահանողների դեպրեսիվ ու իրենց բռնած քայլից արդեն կիսափոշման մարդկանց խմբերի տարերային հերթեր ու մեղմ հրմշտոց, թղթերի տրցակների անհասկանալի ու անտրամաբանակն շրաջանառություն էս պատուհանից էն սենյակը, էս ծառայողից էն մաքսավորը, ուր առաջին անգամ մտնողի համար որև տրամաբանություն չկա, բայց ամեն ինչ ակնհայտորեն դանդաղ գալարվում է ինչ-որ նախանշված ելք: Արտածվող, կնքվող, նշագրվող, փոխանցվող ու կուտակվող թղթեր, շատ թղթեր՝ չեկեր, ստացականներ, ապրանքագրեր, լիազորագրեր, հավաստագրեր, ցանկեր, կտրոններ, տեղեկանքներ, դիմումներ, քաղվածքներ: Ահստակ մարդախմբերի միջև իմացողի կայտառությամբ շրջող հավանաբար մաքսային բրոքերները քավարանի տասովշիկ հրեշտակների բարեխոսությամբ են նկատվում՝ հուշելով, որ ելք կա իրոք, բայց նայած ում համար: Մտել եմ այսպես կոչված զննման տեղամաս՝ ահռելի տոթ ամբարը, որտեղ երկժանիք էլեկտրական բեռնատարներին հեծնած վերջնական օղակի սևագործները վզվզալով արագ դես ու դեն են սլանում տարբեր չափի արկղեր տանել-բերելով: Երկու, արդեն գերհոգնած ու հիմնավորապես ձանձրացած մաքսավոր մանրակրկիտ ու ամվրեպ հնդրում են արկղերի պարունակությունը, մի կնոջ արկղ են բացում, ով պարբերաբար հիշեցնում է, որ տղան երեկ է զորացրվել, ինչ-որ անհասկանալի բարեհոգություն կորզելու համար: Մաքսավորներն անտարբեր քուջուջ են անում ու գրանցում՝ մանկական անդրավարտիք, երեք հատ, ծագման երկիրը՝ բանգլադեշ, կանացի տաբատ, երկու հատ, ծագման երկիրը հնդկաստան ու սենց մի կես ժամ: Իմ հերթն է, ընթացքում ինձ համար մութ կանոնիկությամբ ձեռքումս հավաքված թղթերի կապոցը տալիս եմ պահեստապետին, ով էս գալակտիկայի առանցքում ծվադրած սև խոռոչն է կարծես, գլխավորը, միաժամանակ խոսում է երկու հեռախոսով, մի ձեռքով համակարգչում է բզբզում, մյուսով՝ կնիքներ դնում սեղանին լցված ինչ-որ թղթերի վրա: Չեմ ընդհատում, բայց հայացքով ծանր նստում եմ շնչին, մեկ-մեկ կեսհայացք սմքած դեմքին կպած մեծ քթի վրա երերացող ակնոցների տակից ինձ է նայում, մի տաս րոպեից բարեհաճում է վերցնել իմ կապոցը ու էլի շարունակում իր գերծանրաբեռնված հմայությունները կնիքով ու մկնիկով: Ներս է մտնում աշխօրվա ավարտի սպասումից խանդավառ աշխուժությամբ ջահել մաքսավորներից մեկը: Պահեստապետը չնայելով նրա ուղղությամբ, բայց նրա խանդավառության ալիքը որսալով՝ ի՞նչ կա Ծյոմիկ: Դու ասա կամանդիր, էսի քո երազն ա…
Մաքսային ամբարի տոթ բզզոցի մեջ ոչ ոք չի լսում էս երկխոսությունը, մենակ ես եմ պլշում, դանդաղ, բայց ուշադիր խլշկոտում կողքերս՝ էն գիտակցումով, որ իրոք լրիվ ինձ չվերաբերվող չուժոյ պախմել տեղ եմ սողոսկել ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *