Այնկողմնայինի անվերջ փնտրտուքը

Այնկողմնայինի անվերջ փնտրտուքի ու հետազոտման ձգտումը ամենահրաշալի մարդկային հատկություններից մեկն է, սեփական ընկալունակության սահմանները գիտակցելը, տեսնելը և դրանց նեղությունից շնչահեղձ լինելը, սեփական անգիտության զգացումից տառապելը, ավելին տեսնելու, շոշափելու, հասկանալու խորքային ձգտումը, ըստ էության ազատագրման հիմնարար ձգտումը։

Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ աշխարհաքաղաքական ու մշակութային համատեքստում ինչ անուն էլ որ ստանա այս ձգտումը՝ միամտություն է կարծել, թե մենք հասել ենք վերջնագծին ու հասկացել էնք էությունը, առավել միամտություն է կարծել, թե ուրիշների կողմից ձևակերպած որևէ պայմանական գիտելիք կարող է մեր սեփական հոգևոր փորձառությունը դառնալ մեզ դարձնելով ավելի հոգևոր և ավելի ընկալունակ արարած։

Իրենց հավատացյալ կամ անհավատ կամ այս երկուսին էլ մեծամտաբար հեգնող ընկերներին խնդրում եմ մտածել, արդյոք մենք մեր բնական, այնկողմնայինին հաղորդակցվելու կարիքը չենք կորցրել զուտ խմբային պատկանելության գոյատևման ռեժիմի կարիքի տակ, կամ ուրիշների կողմից մեր վրա պատճենած ինքնության մոլեռանդ պաշտպանության կարիքի տակ։

Ինչու ենք այսքան հպարտորեն ու ինքնավստահ պաշտպանում կամ հեգնում մի բան, որ մեր անձնական փորձառությունից դուրս է՝ զուտ պատմամշակութային համատեքստի, կրթության, դաստիրակության, կամ ընտանեկան ավանդույթների ժառանգություն։ Որովհետև նա, ով սեփական փորձառությունից է ելնում, զգուշավոր է ու անվստահ, կասկածավոր է ու սեփական գիտակցված անգիտությամբ պարփակված և սա ինքնազարգացման միակ հնարավոր ճանապարհն է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *