Այնկողմնայինի կանխազգացումը

Խոսելը իրականությունը տանելի դարձնելու մի ձև է, հասկացած և հասկացված լինելու պատրանքը, իրականության նեղական արտածումը, որ միշտ նորերին հների կողմից կրթեցվում է իբրև իրականության հիմնարար աղյուսիկների ամբողջություն և երբեք կասկածի առնվելու առիթ չի ստեղծում, որովհետև ահա սա հաց է սա լաց է սա թաց է սա աշուն է սա շուն է սա շունչ։ Լեզուն, խճճված դատարկությունների անհունում գիտակցությունից կառչելու մեր փրկօղակը և միֆական պայմանականությունների անհաղթահարելի եթերը, որի մեջ պարփակված կյանքի և աշխարհի մեր ընկալումները մեզ դատապարտում են անտեսանելի ու դրանով իսկ անհաղթահարելի մի անգետության։ Առավելագույնն ինչ կարող են սովորել մի քիչ մեզնից երևելիները՝ գոնե պրոպագանդան, մանիպուլյացիան ու գովազդը մնացած լեզվից տարբերակելն է և սա երբեմն հերիք է հասկացող ու խելոք համարվելու համար։ Մինչդեռ իրական, անգամ էական համարվող համակարգերից շատերը գոյություն ունեն միայն իրենց նկարագրող տեքստի մեջ։ Երբ մենք հաղորդակցվում ենք այդ տեքստի հետ, անգամ վերլուծության, քննադատության, կամ մեկնաբանության ձևով դիրքավորվելու դեպքում, մեկ է, մենք դառնում ենք այդ համակարգի մասը և այն ավելի իրական է դառնում։ Օրինակ, երբ ասում են՝ անհնար է լինել ապաքաղաքական, մեզ գցում են նույն տեքստային ծուղակի մեջ, որովհետև կոնկրետ խոսությին հակադրվելով մենք երբեք չենք լրացնում այդ տեքստի թաքցրած իրականության ամբողջական հատվածը, հակառակը ամբողջացնում ենք միֆականի լիարժեք «իրականացումը» և դարձնում առավել անհաղթահարելի։ Բայց հիմնականում, առերեսվելով անխոսելիին և անմեկնելիի խորը էքզիստենցյալ կանխազգացումն ունենալով, մենք չենք գիտակցում, որ սա ընդամենը իրականության և նրա խոսույթի միջև առկա փլվածքներն ու խոռոչներն են։ Անգամ երբ առերեսվում ենք բանաստեղծության հետ, մենք այն ընկալում ու ընդունում ենք իբրև գոյական, իբրև իր-իրական, և ցանկացած բանաստեղծության մասին մեր միտքը նրա գոյության արձանագրումից հետոյի մասին է և երբեք նրա նախորդության, նրա խմորման նախադեպի։ Ինչ է բանաստեղծությունն իմ ընկլամա՞մբ, սա լեզվի միջոցով տրված կառուցիկ իրականության չարաճճի կազմաքանդումն է անկապակացված լեգո-աղյուսիկների ու այդ քանդվածքից կասկածելի ու անսովոր համադրություններով նոր բանի ստեղծումը, որի ընկալման մեջ պետք է հիմնային լինի ոչ թե այդ նոր բանն ինքնին։ Անհամադրելիների համադրությունն ախր մատնում է հենց լեզվի ու իրականության միջև փլվածքները, որ մեզ համար այլևս այնկողմնային է։ Բանաստեղծումը խոսույթից դուրս մնացած այնկողմնային իրականության կանխազգացումը մատնելն է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *