Տեխնոլոգիական միաբջիջ կուտ

Hayeli.am | 23.05.2012

Մի գոյություն չունեցող կամ անտեսման արժանի կարևորության հարցի շուրջ հասարակությունը բևեռացնելու և իրար մեջ լաչառության նոտայի վրա կռվացնելու իշխանական այս տեխնոլոգիան արդեն սկսում է նեռվեր սղոցել:

Հարգարժան ավանդապահ-հայրենապաշտության քարոզիչներ, գնացեք ձեր երեխաներին դաստիարակեք, որոնց քֆուրների իմացության ու մարդատյացության մակարդակի վրա միասեռականները հաստատ նվազագույն ազդեցություն են ունեցել: Բազմազան և զարմանազան փոքրամասնություններ, պետք չէ, որ ձեր գոյության հանդեպ հանդուրժողականության քարոզչությունը դառնա ձեր տեսակի քարոզչություն և ամբողջ հասարակությունը ձեզ թշնամացնելու ձեռնարկ: Իշխանական փողերով տուն պահող կղերականների ու պատվերով բլոգերների սուտի ազատատենչ մի դասակի ստեղծած ալիքը դիմադրության ու անհանդուրժողականության կապկում է, իրականում, չեմ կարծում, թե Հայաստանում ձեզ վնասել ցանկացողներն ավելի շատ են, քան ասենք` Հոլանդիայում, թե՞ ձեզ օդի ու ջրի պես պետք է հետապնդված ու հալածված լինել` վերը նշված նույն` տուն պահելու նկատառումներով:

Կուտը մի կերեք, ժողովուրդ, երբ ճիշտ պահին, ճիշտ տեղում լրահոսը հեղեղվում է հերթական «կենսական կարևորության» հարցով, որին պետք է անպայման մեծ ու փոքրով, աջ ու ձախով խառնվել, տեսակետ արտահայտել, դիրքորոշում ցուցաբերել, լինել կողմ կամ դեմ, խուսափող կամ անհանդուրժող ծայրահեղական: Կա Մարսի վրա կյանք, թե չկա Մարսի վրա կյանք… այո, հույժ հրատապ հարց է, որի հանդեպ ձեր ունեցած դիրքորոշումից է կախված մարդկության ընդհանրապես և հայության` մասնավորապես, ապագան: Կուտը մի կերեք: Սա ոչ հասարակությանն անհանգստացնող հարցերի շուրջ բաց քննարկում է, ոչ էլ քաղաքացիական հասարակության կայացման գործընթաց… սա կուտ է, էական հարցերից հանրային ուշադրության և լարվածության ալիքը շեղելու միաբջիջ տեխնոլոգիական կուտ:  Մի թշնամացեք` իրար հոմոֆոբների ու ֆաշիստների դասելով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *