Գոհարիկ Աքելյան. Նոր քաղաքի հայտնությունը

Վերջերս աշխարհին հայտնի քաղաքների թվին ավելացավ ևս մեկը` իր հինգերորդ վերահիմնադրմամբ:
Այդ ինքնատիպ ուտոպիան բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Անտաշատ» ժողովածուն է: Հեղինակային բնորոշմամբ` 78% պոեզիա պարունակող այդ քաղաք ոտք դնելու համար նախևառաջ հարկավոր է ծանոթանալ հեղինակի` գրքին կցած տուրիստական ուղեցույցին, որի մեջ կարելի է գտնել Անտաշատի բանալին, որն ընդհանրական է գրքի կառուցվածքային բոլոր մասերի համար:

Գիրքը բաղկացած է չորս մասերից` «Բերքի տոն», «Զրո», «Ագռավաքար» և  «Պոեզիաթերապիա»: Առաջին հայացքից չկապակցված բաժինները, սակայն,  ոչ միայն միմյանց տրամաբանական շարունակությունն են, այլև անքակտելի ներդաշնակություն, որտեղ հավասարաչափ հոսում է միևնույն գետը` կյանքի արարման և ինքնամաքրման խորհրդով:

Առհասարակ, գիրքը կուռ կառույց ունի և  բանաստեղծությունները շարքիցշարք փոխլրացնելով միմյանց, մի ամուր շղթա են հյուսում, որի օղակներից յուրաքանչյուրն իր գործառույթն ու նշանակությունն ունի:  Մասերն հաճախ միմյանց լրացնում են ոչ միայն ասելիքով, ինչպես օրինակ «Զրո» շարքն ամբողջությամբ, այլև անմիջականորեն տեքստային հատվածներով. հաջորդի առաջին տողը կամ հենց վերնագիրը դառնում է նախորդ բանաստեղծության շարունակությունը: Այսպես`  «Չուշանաս, էլի»ն ավարտվում է «Դե արի, մոտս արի…» տողով, իսկ «Տանգո» բանաստեղծությունը սկսվում է «Չէ´, չէ´, սպասիր» տողով և շարունակության մեջ զարգացում ապրում այնտեղից, որտեղից ավարտվել էր նախորդում: Նույն տրամաբանությանն են ենթարկված «Գլխապտույտ»ն ու «Ծննդոց»ը, «Արծվաքիթ գրիպ», «Տաք պահի, կանցնի», «Սպասում», «Կանգառ» և այլ բանաստեղծություններ: Այսինքն` գրքի հորինվածքը մի ամբողջական համակարգ է, որը շրջանաձև զարգացում ունի. ոչ մի բանաստեղծություն ինքնանպատակ չէ: Անտաշատ ոտք դնելուն պես խորհրդավոր նախաճաշ է մատուցվում, ամբողջ ընթացքում մշակվում և նախապատրաստվում ես իբրև անտաշատցի,  և վերջում, երբ դրան արդեն պատրաստ ես, քեզ է մատուցվում Անտաշատում մնալու նախապայմանը.

Անտաշատում երկար չես ձգի.
արտասվիր աշխարհի աղմուկը:
Մերկությունը պարտադիր պայման է
սերը (Նրան) վայելելու
արտասվելուց սկսիր…մերկանալ,
որ պոեզիան մենակ չմրսի
մինչ ժպտալու ժամանակը գա:

Այստեղ ավարտվում է օրը, բացվում նորը, և կրկին վերադառնում ես սկզբին` «Խորհրդավոր նախաճաշ»ին, որովհետև միայն վերջին հասնելով կարող ես հասկանալ սկիզբը` կյանքի շրջապտույտի և սննդային շղթայի պես, որոնք միշտ կրկնվում են, բայց չեն նույնանում: Նույն շղթայաձև ռեակցիայի ֆենոմենը կիրառված է նաև սիմվոլների պարագայում: Գրքում  մեծ տեղ է գրավում 5 թվի խորհուրդը. «…խաղողօրհնեքից 5 օր առաջ…», «…հասնելով կենսականորեն անհրաժեշտին ու անցնում ևս 5 մատնաչափ…», «…հատկապես գալուցդ 5 րոպե առաջ…», «…ցուցամատը դնում 55րդ էջի նկարին…», «…գարունը 50 դրամանոց դեղին ծաղիկների փունջ է…»,  և այլն:
5 թվի կիրարկության առաջին խորհուրդը` կենսաբանականն է, իսկ  մի գիրք, որը մարդուն հիշեցնում է «իր մեջ եղած միլիոնավոր տարիների կենսաբանական հիշողության» մասին, չէր կարող շրջանցել 5ը: Նախ, մարդն օժտված է 5 զգայարաններով, որոնցով ընկալում է կյանքը,  որոնցով մեղքեր է գործում և ոչ միայն: Մարդու գլխուղեղը կազմված է 5 ուղեղներից, կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5մմ հաստության շերտից, մարդու վերջույթներն օժտված են 5 մատներով և այլն: Հեղինակը 5ի հարակրկնությունը գրքում պայմանավորում է  ընդամենը նրանով, որ ինքն այդ թիվը շատ է սիրում, ու որ իր կյանքում ինչոր հնգաստիճան պարբերականություն կա, այնուամենայնիվ, մեր կարծիքով, 5 թվի բազմազան կիրառությունները առնչվում են գրքի հիմնական` ջրի արարիչ սկզբի  խորհրդի հետ: Վարդան Այգեկցին ասում է. «Եվ այսպէս բարի է հինգ թիւը, ինչպէս արարչութեան հինգերորդ օրը, որի ընթացքում Աստուծոյ հրամանով ստեղծուեցին ծովի անքանակ ձկներն ու մեծամեծ կետերը:Եվ նոյն ծովից անթիւ ու անհամար ձկներ թռան ու բարձրացան երկինք ու զարդարեցին այն» («Խրատներ»): Ուշագրավ է, որ բանաստեղծություններից մեկում բանաստեղծն իրեն անվանում է «…թռչնաձկների մասին լեգենդներ հորինող…»:
Բավական տարածված են ջրի ու արարման հետ կապվող հեթանոսական աստվածությունների սիմվոլները` Աստղիկը, Անահիտը և այլն: Այս  սիմվոլները, գրքի տարածքում խորհրդանշում են «կենսական էներգիայի արական, իգական և մայրական ձևերը, նրանց փոխազդեցությունը միմյանց և նախաստեղծ ջրի հետ»: «Կյանքը շարունակվելու սովորություն ունի» և «շարունակվելու համար կյանքը դիմում է դերասանական էժան հնարքների» ընդհանրացմամբ հեղինակը հարատևության գաղափարն է առաջ քաշում. հարատև է բնությունը, հարատև է կյանքը: Սա նկատելի է անգամ եղանակային, օրացուցային պատկերներում. «…այստեղից արագ անցեք`  փետրվար է, ինձ թվում է` գարունը 3 ամիս շուտ սկսվեց…», «…մի անգամ Անտաշատի փետրվարում մենք համընկանք… էնդորֆինային համբույրով…», «…ամեն ինչ սկսվեց հընթացս նոյեմբերի, ես, նա և փետրվարը…», «…նորից գարուն կլինի Անտաշատում, ո՞ւր ես շտապում…», «…հիմա ամեն տեղ էլ աշուն է, դեկտեմբերի կիսամերկ ծառերը…»  և այլն:
Հետաքրքրական է, որ բանաստեղծություններում ամառը քիչ է հանդիպում, այն էլ`  առավելապես հիշողությունների ու պատկերացումները ձևով: Եղանակային պատկերների հաջորդումները կրկին կապվում են բնության շրջանառության և զուգահեռվում մեռնող և հարություն առնող բնության առասպելներին:
Արարման ենթատեքստում էական են դառնում Աստծո հետ բանաստեղծի հարաբերությունները:  Բանաստեղծհերոսն հենց սկզբից մտերիմ է  Աստծո հետ, նրա հետ զրույցի է բռնվում, վիճում, բողոքում և այլն.

Ինձ էշի տեղ դրած`
Քո  արարած գիշերից փախչում եմ Քո արարած առավոտը,
ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ
ու քեզ օրհնելով քֆրտում եմ Քեզ:
Արյունդ, որ Սերն է, ես խմեցի ցմրուր,
ագահորեն,
մի շնչում
ու թվաց ինձ մի պահ,
որ ես դարձել եմ ԴՈՒ.
էս ինչ լավ է հնչում.
«ԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՄ ԴՈ´Ւ»,
և ե´ս եմ Սերը…գոյական:

Կամ`

Հայր,
Եկել է ժամանակը,
ասա´ նրանց
այնպես,
ինչպես դու ես սիրում ասել.
փողոցային աղմուկի մեջ
տաք շշուկով
ականջից ներս
(տպավորիչ երևալու համար)
խորհրդավոր և ծորուն
ԴՈ´Ւ,Դո´ւ,դո՜ւ…
լավագույնն իմ արարումներից,
առաջիններից մեկի արյունակիցն ու
վերջիններից մեկի նախապապը:
Հերիք է մահը թշնամի սարքես կյանի համար:

Լրացավ քո ժամանակը,
բայց ես դեռ հո կա՞մ…

Սակայն, եթե լրանում է մարդու կյանքի ժամանակը,  ջուրը միշտ շրջանառության մեջ է ու դրանով էլ հավերժ ` անընդհատ արարման ընթացքում: Արարումը տարբեր արտահայտություններ է ստանում, զուգահեռվում բերքահավաքով ու բերքի տոնով:
«Զրո» շարքն արդեն կյանքի հաջորդ փուլն է, որտեղ կյանքը վերածվում է խաղի: Մի խաղ, որտեղ կարևորն ընթացքն է, որը «միշտ հնարավոր է սկսել սկզբից», որը «ցրում է իրական վերջի մասին ծանր մտքերը»:  Շարքը մեկնարկվում է «Սկզբնախաղ»ով, և հետո խաղարկվում են 5 կոմբինացիաներ: Տունտունիկմանկական խաղեր(«երեխաները խաղում են,որովհետև մեզ այդպես է թվում»)պատերազմ շղթայով զարգանում է այս շարքը.

Խաղը սիրում է կրկնել.
«Տ´եղդ ճանաչիր:
Ը՞վ ես դու…հաղթանակա՞ծ…պարտվո՞ղ,
ո՞րն է քո պատերազմը,
գտի´ր քեզ,շոշափի´ր քեզ,սիրի´ր քեզ,
ո՞րն է քո չափումը,
աստղերից այն կո՞ղմ, թե՞ Արևից այս կողմ,
ընտանիքի հայրի՞կ ես,թե՞ հայրենիքի զիվոր,
ցեղապե՞տ ես, թե՞ հերոս,
պոե՞տ ես, թե՞ դհոլչի,
թագավո՞ր ես, թե՞ ամեն դեպքում…»:
Պատերազմը քո ժառանգությունն է և քո կտակը
Ի սկզբանե և ի վերջո:

Արարման ու խաղի միջև էլ սկսվում է «ազգային հոգեվերլուծության սեանսը»` «Ագռավաքար» խոսուն վերնագրով: Հեղինակն անդրադառնում է ազգային կարծրատիպկեղտաջրերին, ժամանկավոր փակուղի մտնում, սակայն այնտեղից դուրս գալիս  «Քարանձավաբնակ ծովաստծու» միջոցով.

Ես հիշում եմ քո այն երազը,
որի անունը ջրաշուշան դրեցինք,
և դեռ երկնագույն էին այդ ժամանակ
ինձ պես ծովագռավները:

Չորրորդ շարքի` «Պոեզիաթերապիայի» առաջին բանաստեղծությունները հաշվետվության ու  եզրահանգումների բնույթ ունեն: Արդեն ներկայացվածից, ապրվածից ծնված խոհ, krisis, դառը, հեգնական ինքնամխիթարում, սպանող սպասում, որը մաշվում է կյանքի կանգառներում ու այս ամենից, փաստորեն, կյանքը միայն մոտավորապես է ստացվում` մոտավոր,  ծուռմռտիկ հաշվարկներով.

Լսի´ր,
բոլորին սիրելն ամենամեծ մեղքն է, եթե Քրիստոսը չես…
Իմ ճերմակավոր ընկեր,
մի օր,երբ քեզ ներեմ այս անդունդի հատակին
ինձ էլ` պարտված,կեղտոտ
«ճ» կարգի կրտսեր սերժանտիս
սիրած լինելուդ համար
ու մի օր, երբ դու ներես ինձ
Աստծուն հայհոյելիս քեզ տեսած լինելուդ համար,
կնստենք, կխմենք իսկականից, մարդավարի,
կհարբենք իսկականից (իմ հաշվին)
և միմյանց ու Աստծուն խաբած չլինելու համար
լաց կլինենք իսկականից
մեր էս մոտավորապես ապրած ժամանակի…
կարոտից:

Ու կյանքի անապատում մարդը մենակ է մնում Աստծո հետ` իրեն փնտրելով Աստծո մեջ, իրեն փնտրելով իր մեջ, ու այդ եսակենտրոնացումից, բնականաբար, մեդիտացիայի հոտ է գալիս, որն էլ թերևս պոեզիայի յուրահատուկ ընկալում է բերում.

Պոեզիան
շինարանության 5րդ հարկից
քո գլխին ընկած քար է:

Անտաշատը բավական դետալիզացված է: Այստեղ ամեն բան իր հոտն ու գույնն ունի. «…Ախ դու,վարդագույն կրունկներով իմ սպիտակ…», «…կանաչ շարունակություն…», «…անսովոր հոտ` սովորական դարձած ստերից…» և այլն:  Այս հոտերից ու գույներից ծնվում են որոշակի տրամադրություններ, չասված խոսքեր:
Գիրքը ոճական բազում նորություններ է բերում, սակայն հաճախ շատ են նաև չհիմնավորված և այս կամ այն բանաստեղծությանը աններդաշնակ պատկերները: Ուշագրավ են գրականխոսակցական անցումները, որոնք երբեմն այնքան նուրբ են, որ յուրահատուկ ոճավորման արժեք են ստանում: Ոճի նուրբ զգացողությունը տեսանելի է հատկապես «Բերքի տոն» շարքի բանաստեղծություններում: Գրքի տրամադրությունների ընդհանարականության հետևանքով հաճախ նույնահիմք պատկերները չնչին փոփոխություններով կրկնվում են, ինչը թեև կարող է մի կողմից ձանձրացնել, իսկ մյուս կողմից խտացնել ասելիքը:
Ամեն դեպքում  ընդհանրացնելով կարելի է արձանագրել, որ գիրքը հաջողված է և ընդհանրապես հետաքրքիր է լինել մի քաղաքում, ուր «…ձմերուկը կարող է արտասվել», «ուր մարդիկ կարող են շնչել միմյանց» և «իրար անձրև ասել, երբ ծարավ են լինում. սցենարով է այդպես…»:

© Գոհարիկ Աքելյան

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *