Ամենամեծ սխալը զինվորին և սպային տարանջատելն է

1-ին լրատվական

Այն միջադեպերը, որ տեղի են ունենում բանակում, Պաշտպանության նախարարությունը այլևս կոծկելու որևէ շանս չունի: Լրատվամիջոցների, կապի առատությունը նպաստում է, որ բանակի մասին ցանկացած տեղեկություն անմիջապես հայտնվի լրահոսում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը` անդրադառնալով բանակի մերօրյա վիճակին:

Նրա խոսքով` բանակի մասին շատ խոսում են նաև գլխավորապես այն պատճառով, որ ամեն մի միջադեպ լայն արձագանք է ստանում: Բացի այդ՝ հասարակության մեջ արդեն իսկ ինչ-որ մի բան փոխվել է բանակի հանդեպ` մեծացել է մտահոգությունը, որ կարելի է ունենալ ավելի լավ բանակ և խաղաղ պայմաններում ավելի քիչ կորուստներ ունենալ:

Կ. Անտաշյանի խոսքով` մտել ենք մի փուլ, որտեղ կարող ենք կառավարել իրադարձությունները: Այս 20-ամյակը ևս մեկ առիթ է` այդ հարցերին կրկին անդրադառնալու համար: Ըստ բանաստեղծի, շատացել են բանակի շուրջ խոսակցությունները, հատկապես միջադեպերը մեծ արձագանք են ստանում: Այս փաստը Կ. Անտաշյանի կարծիքով պայմանավորված է նաեւ նրանով, որ շատ խմբերի կողմից` քաղաքական նկատառումներով այդ միջադեպերը շահարկվում են: «Համոզված եմ, որ այդ քննադատողների կամ բանակի մասին խոսողների մեծ մասը ժամանակին կա՛մ խուսափել է զինվորական ծառայությունից, կամ խորապես համոզված եմ`ռազմական գործողությունների անհրաժեշտության դեպքում նրանք կխուսափեն կամ կկորչեն տեսադաշտից»,- ասաց բանաստեղծը: Նրա խոսքերով, բանակի մասին խոսելիս հաճախ շատերը տարանջատում են այն հասարակությունից, այնինչ դա այդպես չէ:

«Այնպես չէ, որ մենք լավն ենք, բանակը` վատը: Բանակն ընդհանուր հասարակության արտացոլանքն է, ու մեր հասարակության ամենամեծ սխալը կլինի զինվորին և սպային տարանջատելը` բանակի համատեքստում: Դրանով մենք լարվածություն ենք ստեղծում բանակում, և սպաները, թեկուզ և զգուշավոր լինեն, դրանից հետո, ավելի շատ չեն սիրի մեր զինվորներին»,- համոզված է բանաստեղծը: Նրա կարծիքով դժվարին գործ ստանձնած սպային անհրաժեշտ է ավելի շատ հարգել ու ավելի շատ արժևորել հասարակական վերաբերմունքի տեսանկյունից:

Կ. Անտաշյանը վստահ է, որ սա քայլերից մեկն է, որը կարող է տանել բանակի բարելավմանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *