Ստատուսչի Ծկուլը (6-10)

Դրվագ 6

էս կյանքում Ծկուլին ամենից շատ
իր սեփական սովն է քաշել։
Էն հայաթի հիստերիկ շան պես,
որ ամբողջ գիշեր կարող է լաչառաբար հաչալ –
մինչդեռ ուզածն ընդամենը մի մսահոտ ոսկոր է։
Իր սովն էլ, էդպես, ուզում էր վարչապետ դառնալ
(Նիկոլից հետո իհարկե)
բայց ժեկի պետից էն կողմ իշխանատենչությունը
(ժողովրդին ծառայելու ոգին) չձգեց, հագեցավ։
Հետո ինստագրամի էն նանարին էր վիզ դրել՝
ուռճացված շրթունքներով, ու երբ հանդիպեցին 
չափելի արդյունքներ ակնկալվող գործնականի մեջ՝
հանկարծ հասկացավ, որ ինքն ավելի շուտ 
նիհիլիստ փիլիսոփա է, քան կրքոտ սիրեկան 
ու փոստեց, որ 
«Ամերիկյան պոռնո պրոպագանդայով ներշչված՝ 
մարդիկ գերագնահատում են սեքսը,
մինչ հոգին ավելին է տենչում»։
եվ սինգլ աղջիկներից ու քառասունն անց տիկնանցից
ստացավ բազմաթիվ սրտիկներ։

Վերջը, փոքր ստամոքսի վրա առյուծի ախորժակը
մի անգամ չէ, որ քաշել է Ծկուլիկին՝
քեֆի առևտուր անելիս, երբ խորովածի կեսը մնում էր,
հյուսիսային համալսարանում 
աստղագետ-կենսաբանի մասնագիտությունն ընտրելիս,
գլոբալ բիզնես դառնալու առաքելությամբ 
թաղի բուդկա ստառտափը հիմնելիս։

Բայց չէ, հերիք էր, մի օր զարթնեց
անալիստ-հետույքաբանի ինքնավստահությամբ
բռունցքը խփեց քիբորդին ու որոշեց հիմնել 
դաունշիֆթինգի հայկական ասոցիացիա
(նախորդ գիշեր էր իմացել դրա մասին)
և առաջինն անդամագրվելով իր կառույցին, 
այսպես կարգախոսեց Ծկուլը․
«Քիչը շատ է քեզ, փոքրը՝ մեծ,
դու քո հագով ապրիր, պադլե՛ց»։

Դրվագ 7

Էսօր, այ հենց էսօր,
ցերեկը երեք անց տասհինգի կողմերը,
երբ #Ծկուլը իր տարտամ օրվա հետ
Տիգրան Մեծով գլորվում էր Մոսկովյան փակուղի –
մի երեք րոպեի չափ մահը քայլեց նրա կողքից։

Ցրտատար գարնան քամին հասավ ոսկորներին,
մոռացավ իր ով լինելը, ուր գնալը․ այ քեզ սփրթնուկ։

Տիգրանիկ, դասդ կարդա, զրնգուն լսեց հետևից,
շրջվեց՝ մարդ չկար, մենակ
սառը գազի ցուցանակն էր տտիպ ճոճվում,
Տիգ, ինչի՞ չես մեկ-մեկ գրում, քաղցրաթով լսվեց մեջքից,
շրջվեց՝ մարդ չկար, մենակ փողոցի վերջերից
էտի դռուժբեն էր դռռում անտրամ,
Տիգուլ, թեթև ես հագնվել, բալե՛ս, մրսելու ես էլի,
շրջվեց՝ քաղաքում ոչ մի շարժում, ոչ մի ծպտուն,
անգամ պարապ քամին էր սսկված ձևանում,
Արտաշեսյան, ի՛նձ մոտ՝ սպառնալից հնչեց թիկունքից,
շրջվեց՝ սկսել էր ծանր մթնել մի տեսակ,
պարոն Արտաշեսյան,
Վերջին էյեմին մեկնաբանություն կտա՞ք
Վերջին իրադարձություններին ձեր մասնակցության մասին
շրջվեց՝ մայրամուտի բնապատկերը
մեծ պիքսելներով անաղմուկ քանդվում էր –
ձեռքերը, ոտքերը, մտքերը
ավելի բարձ որակով էին քանդվում․․․

Հարազատ, հել, կանեցին ենք հասել,
մեկ էլ գոռաց յոթ համարի գազելի վարորդը՝
հազոցի մեջ սպիտակ գառնին կպցնելով ․․․
ու Նոր Հայաստանը ռելոդ էղավ։

Դրվագ 8

Ծկուլը գիտի, որ արհավիրքները
խորհրդավոր ու իմաստալից են դառնում,
երբ դրանց անուններ են տալիս
և դիտարկում պատմական ապահով հեռուներից,
օրինակ խաչակրաց սրբազան, կամ հայրենական մեծ,
կամ թայֆուն Ֆիֆի, կամ հեղափոխություն նարնջագույն
կամ շարժում կամ պատերազմ ապրիլյան։

Չէ, քավ լիցի, Ծկուլը կտտցրած պացիֆիստ չի,
կամ խաղաղության ու հանդուրժողականության գռանտակեր․
նա գիտի, որ ուժն է ծնում իրավունք և որ
ազգին բանակ է պետք ու որ բանակը պետք է
արտոնյալ լինի, օրհնված ու մեծարված
գիտի, որ սահմանին զենքով պինդ տղերք են պետք,
որ հսկեն խաղաղությունն ու բարի աշխատանքը
իր նման շարքային, սովորական մարդկանց –
էս ամեն ինչը գիտի Ծկուլը, բայց
իր սեփական կյանքը չափազանց աննշան է համարում
չարագույժ գնդակ որսացող միս դառնալու համար,
իր արյունը չափազանց անտեղի է համարում
խրոխտ երգերում կարմիր կակաչ դառնալու համար –
չէ, մեռնելու ոչ մի իմաստ չկա, բացարձակ ոչ մի –
զգում է բնազդորեն ու շարունակում
ստեղնամարտել հայրենիքի օրհասական օրերին
ոգեկոչելով ու ներբողելով դուխով տղերքին
իրենց բռնած գործի համար,
մի անգամ էլ օգնել է մակարոն բարձել
ու տաք հագուստ ապրիլյանի էն խառը օրերին։

Վերապրելու ընտանեկան ավանդույթը լռում է առ այն,
որ Ծկուլի ապուպապը տունուտեղով
Վանից փախավ դեռ ինքնապաշտպանությունից առաջ –
ուստեն կանխազգում էր, որ վերջը լավ չի լինելու
երեխեքի կյանքը հողից ու նախնյաց շիրիմներից
թանկ համարեց։
Մեծ պապը, արդեն սովետի օրոք
հայրենական մեծ զորակոչից պլստաց
իբրև շրջանային կոմկուսակտիվի առաջնորդ,
պարտիային հավատարիմ և անձնուրաց ագիտատոր։
Այ պապը խուսափեց մեծ արհավիրքներից՝
եղավ դանդաղ ժամանակների շինարարը,
սոցիալական աշխատանքի հերոս,
բայց հոր բախտը չբերեց։
Ղարաբաղյան շարժման տարիներին
կռվող տղերքին հասնում էր ուժերի ներածի չափով,
ում պետք էր, ոնց պետք էր նայում էր, գիտեին,
բայց շրջիկ աբլավներից խուսափելու համար
երկու տարի գիշերները պադվալում էր քնում,
անցավ։

Նրանց ուրախ ընտանեկան հավաքներում
էս բաները չեն պատմվում,
ոնցոր լռելյայն պայման կապած լինեն, որ
պետք չի ձեն-ձենի տալ, բայց․․․
կյանքը ապրողներինն է։

Դրվագ 9

Սիրո բովանդակ կոչականներից
Ծկուլին ամենից շատ ծի՛տս
փաղաքշականչն է հրահրում,
երբ դեկտեմբերյան անտերև ծառի պես
մերկ է ու ամայի պսիխոսոմատիկ իմաստով –
ամեն մի գորշ ճնճղուկի ուշադրությունից
ղզղնում է, քիչ է մնում ծաղկի
անվերջ երազախաբ Սուրենավանի ծիրանի պես։

Հա, լինում է, նաև երբ ուղեղը՝
ուղեղի ֆենոմենալ կարողությունների
մասին հողորդումներից ոգևորված
սկսում է անխնա կյանքի մեղր արտածորել,
երբ դառնում է զվարթ ու ինքնաբավ՝
խմելի յոգուրտի ռեկլամի մեջի աղջկա պես։
Բայց լինում են և այնպիսի օրեր,
երբ #Ծկուլը մեռնում է տխրության պերեդոզից։

Էն որ անգամ կամեձի կլաբը չի օգնում,
սկարլետ յոհանսոնի կինոները չեն օգնում,
արմենակ շահմուրադյանը չի օգնում,
փորնհաբն ու ատմառծինան չեն օգնում,
դառգեթի փեյլէլը չի օգնում, վանարդի ռեզերվը,
դը քոսթի քինոայով սալատը չեն օգնում,
գյուղի բարեկամներին փող ուղարկելը չի օգնում,
ընկերները, որ հեռվից սիրելի են,
մոտիկից՝ ձանձրացնող՝ չեն օգնում,
նեթֆլիքսը չի օգնում, էյջբիօն չի օգնում
իբուպրոֆենը չի օգնում, փողը չի օգնում,
մանկության սիրածին անֆռենդ անելը չի օգնում,
լողանալը չի օգնում, քաչալանալը չի օգնում,
գլոբինգով վիշապօձի լինզաներ առնելը չի օգնում,
իշխանություններին հայհոյելը չի օգնում,
յուքոմի օպերատորին բշտելը չի օգնում,
բենդերին ցիտելը, հայրիկ մուրադյանը չեն օգնում,
բայրոնյան Չայլդ Հարոլդ թվալու չափ ղզիկացած
ահավոր, ահավոր txur Ծկուլ․․․

Միայն 10-րդ հարկի աստիճանավանդակից
բազրիքների արանքով ներքև թքելն է
իրավիճակ փոխում մի քիչ:

*գվզդ թյլտվթյն հմր տռբլֆյուֆյու հիսունութ

Դրվագ 10

— Անտաշյան:
— Այո, պարոն վարչապետ։
— Լավ չի, չէ՞։
— Չէ, էս անգամ իրոք լավ չի, պարոն վարչապետ։
— Դե ուրեմն արի ամենքս մեր գործով զբաղվենք։
— Լավ, պարոն վարչապետ։ Բայց մի րոպե էլի, հարկային բարեփոխումների ու ղարաբաղյան խնդրի մասին երկու բան էի ուզում ասել։
— Տեսնու՞մ ես, որ հայ մարդն ուղղակի դատապարտված է բազմաշնորհ լինելու։
— Տեսնում եմ, պարոն վարչապետ։
— Դե Անտաշյան ջան մի տեքստ եմ pm անում, կարդա՝ ծաղկած բալենու հպանցիկ գեղեցկության և մեր ժողովրդի աշխատասիրության ու հդմ պահանջելու քաղաքական կամքի մասին։
— OK․

(Արթնանալուց հետո մի ամբողջ օր
#Ծկուլը տեղը չի գտնում, 
չի հասկանում էս երազի խորհուրդը –
Հիմա ինքը ստատուսչի Ծկուլն է, որ երազում 
տեսնում է ոմն բանաստեղծ Անտաշյանի՞,
թե՞ ամեն դեպքում Անտաշյանը, 
որ ինքնության շփոթուկներում
իրեն Ծկուլ է երևակայել․․․
կամ երկուսն էլ ցնորք են,
երկուսն էլ Նիկոլի երազում են ապրում):

Share Button

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *