Գեշ դզոն

Էս վերջերս գեշացել եմ մի տեսակ.
էս վերջերս սիրելիներիս սիրելու
նրբիկ ջանքը հաճախ է հանգում
մեծ ու յողուտ կտոր միս խորովելուն.
անառողջ, պինդ ու համով կերակրել
տատական ձևերով –
առավել անվրեպ ինչի՞ կարող է հանգել
սերը էս ձուն-ձմեռով:
Էն օրը տղաս, որի ձեռքբերումների թվում
ես դեռ հիշում եմ ինքնուրույն չիշիկ անելը,
ասեց՝ էսօր իմ կյանքի ամենատխուր օրն է
պապ, քանի որ ընկերը ուրիշ դպրոց է
տեղափոխվում
իր կյանքի․․․ ամենատխուր․․․ ախր ե՞րբ,
ե՞րբ է մարդը հասցնում սովորել
վերահաս ողբերգության էպիկական
ձևակերպումների էս բառապաշարը։
Ասում են ամերիկայում կոգնիտիվ
հոգեբանություն կարդացած մարդիկ
շուն են առնում երեխաների համար,
որ երբ սատկեն՝ իրենց փոքրիկ մահով
սովորեցնեն, որ կյանքը նաև
կորուստներից է կազմված՝ սենց ասած՝
պատվաստանյութ ինչ-որ տեղ
մեզ դարանած անխուսափելի վշտի դեմ –
ուզեցի ասել․․․ ես կարող էի ասել նրան
իմ սովորած վերջին դասը
էս գեշ օրերի մասին ասել, որ անգամ
ամենացրտատար ձմեռներից հետո
մարդը միշտ թաքուն պահած բողբոջներ ունի,
որ բացվելու են առաջիկա գարնանը,
որ անգամ մեզնից ամենացավածները
ում քոքից սղոցեցին, ով այրվեց ի սպառ
խորքերում, միշտ մի բողբոջ ունեն պահած
էս կամ մյուս գարնան համար, էդ ա․․․
ողբերգությունը թատերական ժանր է,
իսկ կյանքը մեծ ու յուղոտ կտոր միս,
հարուստ պրոտեիններով ու երկաթով,
նաև էդ, ինքն իրեն ու իր ողբերգությունը
անտանելիի չափ վեհացնող մարդը ու երբ
Աոկիգահարա մոգական անտառում
թոկից հանեցին անբաշար մի ինքնասպանի,
ասաց՝ ես գեղեցիկ չկարողացա ապրել,
եվ ուզեցի գոնե մեռնել գեղեցիկ.
թատերական տուրք գեղեցկությանը՝
վերջին բողբոջն էդ մարդու, չասեցի բայց,
բարդ ու երկար բաներ ասողներին
չեն սիրում երեխաները, երեխաները
սիրում են ձմեռ պապին և շոկոլադ։
Գեշացել եմ մի տեսակ էս վերջերս.
ընկերներս, ում հետ ապրվող օրակարգը
դուրս չէր գալիս ծիծիկոլոգիայի տիրույթից
նրանք, որ իրենց հանրային պատին
խուզում են բարդ քաղաքական հարցեր
վերջերս՝ կայուն աճի դինամիկայով
ինֆարկտը կանխարգելելու մասին
հոդվածներ են ուղարկում փակ չատ –
ստենտավորում, խոլեստերին,
օստիոխոնդրոզ, դեպրեսիա,
գերհոգնածություն, ծիծիկներ.
վերջը շուն եմ նվիրելու էդ բեսերին,
քանի որ ծիծիկներ նվիրել չեմ կարող
քանի որ չգիտեմ, թե մեզնից ով ու, երբ
կգրի,
որ էդ օրն իր կյանքի ամենատխուր օրն է,
բայց գիտեմ, որ Դիլիջանի էն սիրուն օրվա
նկարն է դնելու հետը, իբր թեկուզ էդ մի
էդ հիշարժան օրվա առթիվ կյանքը
մեծահոգաբար ներում է մահվանը,
և այլ հոգեպարար բաներ՝
մոռանալով, թե ոնց էինք էդ օրը փորձում
ամերիկացի տուրիստների համար,
ում դեմքից ակնհայտ երևում էր,
որ վշտի դեմ պատվաստված են
սատկած փիսոներով ու շունիկներով,
իբրև աբորիգենի հոգատարություն՝
թարգմանել մեր ընկերոջ հարյուրն անց
հեքիմ տատի փրկարար բանաձևը
լոկալ, էթնիկ,աուտենտիկ ու կոլորիտային՝
սևացած դոշին սև աքլոր են դնում*,
բայց մի տեսակ անհարմար բան ստացվեց:
*Black cock is good for black tits.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *