Ինչ տվեց 2010-ը հայ գրականությանը

Ամփոփելով 2010-ը` վստահաբար կարելի է ասել, որ այն բեկումնային էր և զարգացման ու վերաիմաստավորման որակապես նոր փուլի սկիզբը դարձավ ժամանակակից հայ գրականության համար: Առաջին պատճառը ինտերնետային հաղորդակցության բումն էր, որ հայրենական մեդիավակումի պատճառով ներամփոփված ու ճահճացած գրական գործընթացը հանեց առցանց տարածման ու քննարկման կենդանի միջավայր: Ողջ հետսովետական շրջանում արդի հայ գրականությունը երբեք ընթերցողների լայն շրջանակներին այդքան մոտ չէր եղել քան այս տարի:

Ինտերնետը հնարավորություն տվեց գրաշրջանառության պետական փտած ու անարդյունավետ մեխանիզմները շրջանցելով գրականություն տարածել` երբեմն նույնիսկ լրագրության օպերատիվությամբ հասարակական ամենատաք թեմաներին գրական անդրադարձներ տալով: Այս տարի ինքնորոշման առաջին ազդակները տվեց նոր գրականություն ստեղծելու հավակնություններով երիտասարդ գրական սերունդը և ի վերջո այս տարի առաջին անգամ զլմների կողմից վերանայվեց «մենք չունենք ժամանակակից հայ գրականություն» արատավոր կոնցեպտը:

Երկրորդ կարևորագույն իրադարձությունը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը 2012 գրքի համշխարհային մայրաքաղաք հռչակելն էր: Գրական շուկայի ենթակառուցվածքների ու ավանդույթների բացակայության, քայքայված ու բարոյապես մաշված գրադարանային տնտեսություն ունեցող, ժամանակակից հայ հեղինակների գերփոքր տպաքանակների ու պետպատվերով տպվող գրքերի տխրահռչակ որակի, գրականության ու գրողի հանդեպ մարած հանրային հետաքրքրության պայմաններում այս հանգամանքն առաջին հայացքից զավեշտալի է թվում:

Բայց այն ես դիտում եմ ավելի շատ սթափվելու և իրավիճակը փոխելու լուրջ ազդակ, միայն մնում է հույս հայտնել, որ օրակարգային միջոցառումներից բացի նաև լուրջ պետական հոգածություն կունենանք հանրային հետաքրքրությունը գրականության ու գիտելիքի գերակայության հանդեպ բարձրացնելու առումով: Տարվա խայտառակություն կարելի է համարել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը հաստատող «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներին ԱԺ-ի կողմից կողմ քվեարկումը:

Քիչ կրողներ ունեցող հայոց լեզվի համար այսպիսի ձեռնարկները գլոբալացող աշխարհում մեր լեզվին դանդաղ մահվան ու ձուլման դատապարտող արդյունք են ունենալու: Որպես հայ, որպես հայ գրող, որպես ՀՀ քաղաքացի ես իմ դժգոհությունն եմ հայտնում այդպիսի ձեռնարկների հեղինակներին ու հայտնում եմ իմ թերահավատությունը նրանց էթնիկ պատկանելության ու մեր ազգային շահի պաշտպանությանը ծառայելու իսկության վրա:

Արդի հայ գրականությունը ճանաչելի ու պահանջված դարձնելու առումով 2011 կարևորագույն ուղենիշներն եմ համարում`

ա. գրականության հանդեպ հայրենի հեռուստատեսության հետաքրքրության ավելացումը,
բ. հայալեզու գրական ժառանգության թվայնացումն ու պատճաշ ներկայացումն ինտերնետում,
գ. հայ հեղինակների թարգմանությունն ու ներկայացումը օտարալեզու ընթերցողներին:

Իսկ գլխավոր մտավախությունս` արդեն-իսկ գոտեվորվող առաջիկա նախընտրական պայքարում գրողներին, նրանց միտքն ու գրիչն օգտագործելու քաղաքական ուժերի ակնկալվող հավակնություներն են:

Կարծում եմ, եթե հայերենի պահպանության, գիտելիքի գերակայության հաստատման, ընթերցանության խրախուսման, գրականության մասսայականացման առումով ներկայիս անմխիթար վիճակը երբևէ պետք է փոխվի, ապա այն պետք է փոխվի հենց մեր ջանքերով, իսկ թե սեփական օրինակով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, թե հնարավոր ինչպիսի այլ միջոցներով մենք կհասնենք այդ նպատակներին` այնքան էլ կարևոր չէ: Շնորհավորում եմ բոլորիս նոր տարվա առթիվ ու մաղթում անսպառ աշխատանքային եռանդ:

Կարեն ԱՆՏԱՇՅԱՆ
Գրող, Գրանիշ գրական ակումբի հիմնադիր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *