Թռիչք ջրափոսի վրայով

Երբ երեխան ինքնամոռաց ցատկում է ցեխաջրի մեջ, մի՞թե մտածում է՝ չէ, հաստատ չեմ թրջվելու, մնալում եմ ջրի երեսին, կամ, էսա ցեխաջուրը այսուայնկողմ կցայտի, իսկ ես չոր կմնամ, կամ էս կարգի մի այլ անհեթեթություն՝ ոչ իհարկե։ Միակ շարժառիթը, որ նրա համար նախատեսել է բնությունը հետևյալն է՝ հլա բեր թռչենք, տեսնենք ինչ կստացվի )) Այո, միակ գաղափարը՝ բզբզանք, տեսնենք ինչ ա լինում, փորձենք, այսինքն ոչ մի ձևակերպված նպատակ, ոչ մի արդյունքի կանախակալություն, ոչ մի հույս, ոչ մի տեսլական, ոչ մի սպասելիքների համակարգ՝ զուտ փորձ, նոր իրավիճակում հայտնվելու արկած։ Հիմա սրանից բխող հաջորդ հարցադրումը՝ ինչո՞ւ ենք մենք, արդեն մեծացած համարվող երեխաներս ինքներս մեզ ու ուրիշներին անընդհատ փորձում համոզել, թե ամեն ինչ, որ հիմա անում ենք՝ լավի համար է, արդյունավետության կանխահաշվարկով, անում ենք, որ հաջողենք, անում ենք, քանի որ իբր թե գիտենք թե ինչ ենք անում ու իբր թե գիտենք, թե ինչ ենք ուզում։ Փաստն այն է, որ շատ հաճախ մեր որոշումների ու քայլերի ծածուկ շարժառիթը հենց նույնն է, ինչ մեր մանկական ինքնանպատակ փորձարարությունը՝ մի բան անենք, որ մի բան լինի, պարզ չի ու կարևոր էլ չի, թե ինչ – թռիչք դեպի անորոշության մշուշը։ Ու ինչքան էլ սթափության ու տրամաբանության, բարոյականության ու խելամտության հանրային լռելյայն համաձայնությունը մեզ դրդում է ընտանիքին, ընկերներին, շրջապատին, երբեմն անգամ ինքներս մեզ տրվելիք րիփորթներում մեր քայլերի համար ընկալելի ու հասկանալի հեքիաթներ, թվեր, վիճակագրություն, նախադեպեր, արդարացումներ հորինել, ներսում, խորքում մեր կյանքի բնազդը գիտի, որ ըստ էության ուղղակի փորձում ենք փորձած լինելու համար, հաճախ հենց, այսպես ասած, պարտված լինելու, ձախողելու, տանուլ տալու կանխավայելումով, քանի որ ըստ էության դա մի տեղ է, ուր դեռ չենք եղել, մի բան է, որ դեռ չենք փորձել, դա կյանքը ուրիշ, ավելի հավաստի կողմից տեսնելու սողանցք է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *