Կռիվ-կռիվ՝ առանց զոհերի

Երբեք սպորտային խառնվածքով չեմ առանձնացել, դպրոցական տարիքում սպորտով զբաղվելու բոլոր ջանքերս (ֆուտբոլ, վոլեյբոլ, լող) ձախողվել են բնական դախության ու ֆիզիկական տրավմաների բերումով – մանկության ընկերներս լիքը խնդալու ու ստորացուցիչ պատմություններ են հիշում էդ առթիվ ու պահը չեն կորցնում դրանք պատմելու )) Հետո էլ մի տեսակ ժամանակ չի եղել, կամ այլ փորձառություններ ու հետաքրքրություններ են եկել ֆիզիկական ակտիվության կարիքը հոգալու՝ հիմնականում արշավական բնույթի։ Բայց էս վերջին ամիսներին, ինչ Արմեն գԱսպարյանի հորդորով մինիֆուտբոլի սիրողական խմբում եմ ներգրավվել, ֆրոյդիստների սիրված ձևակերպումով՝ էս «մանկական տրավման» քիչ-քիչ սկսում եմ հաղթահարել )) Հետաքրիր է, բայց զուտ սպորտային համեստ ձեռքբերումների համեմատ անհամարաժեք ավելի շատ հաճույքի ու զվարճանքի առիթներ են գոյանում։ Նախ, իհարկե տարիքի բերումով ցանկացած մրցակցության ակտին թեթև հեգնանքով վերաբերմունքն է – սիրողական խաղի լավն այն է, որ պարտությունը վատագույն դեպքում կարող է փիլիսոփայական զրույցների առիթ դառնալ ընդամենը )) Իսկ խաղից առաջ ինչ-որ կասկածելի/դավադիր ստռատեգիաներ մտածելը, խաղի սպասումը, բուն խաղը, արդյունքները վերլուծու ծիսակարգերն ու եզրակացությունները մի առանձին պատմություն են ադրենալինի, դոֆամինի, էնդորֆինի ու սերոտոնինի արտադրությունը խթանող իրենց բազմաշերտ ազդակներով։ Նախ ինչ-որ ձեռնարկի շուրջ կուչկվելու զուտ որձական էս ոգևորությունը, իրար անվերջ բշտելով, քննադատելով ու նաև մի տեսակ փշերով պատված հոգատարությամբ ուղեկցվող եղբայրությունը, թիմային պատկանելության էս քաղցր ու կծու զգացումը։ Հետո, ամեն դեպքում, արդյունքի վրա կենտրոնանալու ու ասպետավարի (երբեմն նաև թարախավարի) հաղթելու մրցակցային ոգին ու անշուշտ, բուն ֆիզիկական ակտիվությունը, ինչի համար իր ջահելության կարոտախտից թախծող մեր ուղեղն ու նստակյաց ծուլությունից թսկող մեր մարմինն առանձնակի կարմա բոնուսներ են շռայլում մեզ։
Մի տեսակ պատանեկան խանդավառության ֆլեշբեքով մակերեսային կայֆ է, արդեն տեսած, անցած վերապրած տարիքի իմիտացիա, բայց մյուս կողմից էնքան մարմնական, ակնհայտ, բնական ու հասանելի հաճույքների առիթ, որ ոչ մի ֆիթնես, պիլատես, ջիմ ու տրինաժոռ չեն կարող պարգևել։ Համարյա՝ պատերազմ առանց զոհերի։ Երևի իզուր չի, որ սպորտի ստեղծող հին հույներն էլ էս զուտ հաճույքին միտված ֆիզիկական ակտիվությամբ սկսում էին զբաղվել միայն 35-անցոտ, երբ ծառայել էին բանակում (ժամկետային ծառայությունն էլ են իրենք հորինել), տուն տեղ էին դրել, մասնակցել էին որևէ պատերազմի ու կայուն եկամուտ ունեին իրենց հողակտորից։
Շատ երկար ստացվեց թիմային սիրողական սպորտին ուղղված իմ ձոնը, բայց հուսով եմ ինչ-որ մարդկանց այն կոգեշնչի սեփական թիմերը կազմելու և գրոհելու։ Առողջ եղեք, ջիգյարներ, ոգով առույգ ու թեթև տարեք, այդ թվում նաև այս մարմինը ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *