Տոնածառի փոխարեն

Մասրենու ատամներում մնացած ցելաֆոնի ծվեն,
խղճուկ հանդիսավորությամբ փողփողում է սիրտս
տրտմությունից մաշված ու հանձնված օրերի քամուն․
մենք ինչո՞ւ ենք հավակնում թիմային հաղթանակի,
եթե անձնապես ամենքս մեր ճամփին
դատապարտված ենք պարտության –
շուռնուխցին դատապարտված է պարտության,
նյույորքցին դատապարտված է պարտության,
լիոնցին դատապարտված է պարտության,
բաքվեցին ու գյանջացին՝ նույնպես,
թեպետ և չի դզում դրանց հետ համեմատվելը,
քանի որ, գիտեք, գյանջա չի՝ գանձակ է։

Կապիտալ շինարարության համար նախատեսված
դեղին տրակտորն իր պողպատե չանչով
սառը փոխում է բլուրի երկրաբանությունը՝
վայրը վերին կապող փոքրիկ պորտալներով ընդմիջում
միլիոնավոր տարիների միջով փոխկապված
վարդատուֆի, բազալտի, գլաքարի ու կավահողի
պատյանը, ուր մենք կտեղադրենք այս աշխարհում
այլևս անծլունակ մեր սերմնացուն
ու կջրենք ամենադառը արցունքներով։

Տարտամ բլուրն այլևս սրբազան այցելավայր է
ու սա երկրաբանություն չի, արդեն երկրագիտություն է:
Երկրագիտութուն է նաև սևազգեստ բազմության մեջ
ավար աչքադրող անանունը, որ գիշերվա քողի տակ
չվնասված ծաղկեպսակները հետ է տանելու խանութ –
սննդային շղթայի մեջ մեկը միշտ
թրիքը հող սարքող ճիճուն է,
ինչպիսի խոնարհ պարտություն՝ կամավոր ընտրել
օրերի քաքն ի ձանձրույթ որոճողի անունը։
Քաղաքականացնել:

Էն տագնապած ու էպիկ օրերին,
երբ դեռ նահանջելով հաղթում էինք
անհավատ ընկերներիս հետ պատահական մտանք եկեղեցի,
մենք չմտանք, ինքը կանչեց խնկահոտի ու շարականի
խառնուրդից կամզված ստվերե ճանկերով –
ինչ հավաստի էին աղոթքը, մոմը, խաչակնիքը –
մի՞թե աստված էլ էն հեռավոր գյուղի բուդկեքի պես
միայն ցպահանջ է աշխատում, երբ բան է պետք
ու միշտ չի որ էնքան որ տեղում է։
Աշխատում էր։

Տղերքին աշխատող փոքրիկ խաչեր էին բաժանել,
ոմանց հետո՝ նաև զարդանախշ ոսկեզօծ խաչեր,
որ իմաստ ունենա, որ կառչելու բան լինի։
Թեպետ մեր անհատական պարտությունը
իմաստ չունի բնավ, խմբակային պարտությունը
հիմնավորումներ և իմաստ է ակնկալում
և ամեն տեղ պետք է խաչեր դնել
բլուրներին, գազատարներին, էլեկտրասյուներին
որ մեր միությունը, որ ոչ լուսին թռցրեց մեզ,
ոչ մի ճամփա կարեցավ սարքի մինչև վերջ՝
գոնե մի իմաստ, իմաստի ակնարկ ունենա։
«Հաղթում ենք» պոստեռներից լայնեզր ժպտացող
ու էպիկ կադրերը զարդարող տղերքից շատերը
ընկան, նախքան նրանց բաներների փոխարինելը
նախատոնական զեղչերի և առավել ևս
նախընտրական կոչերի բաներներով։

Ամենից հաջողակը շուկայի պողպատե ծնոտն է
պսպղուն ատամներով ճմլում վիշտը անմարսելի․․․
երկու ոտքն ու երեք ընկերներին կորցրած տղային
հարդորեցին մոտիվացիոն գիրք գրել
ոչ մի դեպքում չկոտրվելու, ապրելու և հաղթելու
կարևորության մասին,
և հայկական ազգանունով սուպերհերոսներից
կոմիքսներ թողարկվեցին, տխուր երգեր գետնացումում՝
անխուսափելի հաղթանակ ապառնի ակնարկով,
շոկոլադե սալիկներ հայրենասիրական առիթով,
իսկ անունը՝ նավսյակի ռուսական հնչողությամբ։

Մոնթե – 19, Վազգեն – 23, Արծրուն – 19, Աբո – 45
Տիգրան – 27, Արշակ – 31, Համբարձում – 19
Անդրանիկ – 25, Նժդեհ – 19, Արամ – 51
Մածուն – 1, խոզի միս – 2 կգ, հաց ու լավաշ – 1-ական
Խաղողի թուփ – 1, տոմատ – 1, սոխ – 0,5 կգ
Օղի – 1 լ, գինի – 1 շիշ, կարագ – 200 գր
շատ բան պետք չի, մենք մերոնցով ենք լինելու։

Հողը իրականում խանգարում է բույսերի աճին –
հռչակում էր հիդրոպոնիկայի ուսումնական ձեռնարկը։
Արդյունավետության ու բերքատվության տեսակետից
տնտեսական աճի ու կայուն հեռանկարի տեսակետից
հողը խանգարող հանգամանք է,
քանի որ անուն ու իմաստ է ակնկալում,
հարգանքի տուրք ու արյան գին։
Հիդրոպոնիկ անտառ չես աճեցնի –
մեզ վայրի ու անմշակ ծմակներ են պետք
հայկական հնչողությամբ անուններով,
որ մեր նախնյաց ոգիները բնադրավայր ունենան․
նախնիները լաչինում չեն կարող ապրել՝
նախնիները ապրում են բերդաձորում։

Բայց նախնիներն ինչպե՞ս են ապրում երևանում․
լա քուչինա, բուլանժեղյե, դը քոսթ, սմարթ սիթի,
դոլչե վիտա, սմոքինգ շեֆ, սիեստա լռվելավայրերում։
Չէ, այնտեղ նախընտրում են ապրել նրանց
պռադվինուտի սերունդները,
որոնք, ի դեպ, նույնպես տխուր են,
ցրվելու առիթների փնտրտուքի մեջ։

Անհավես են զոդում սվառշիկները,
հացթուխները անտրամ են թխում,
մոխրագույներով են նկարում նկարիչները,
կիթառի վերևի լարերը տխուր երգերի համար են՝
էն օրը նկատեց Արեգակս,
տաքսիստները նեռվային են քշում,
սոսիները սոսափում են անձկությամբ,
անդուր բաներ գրելու են հակված բանաստեղծները,
վարչապետները իջեցված ձայնով են հղում
մեղայական և կարեկցական իրենց բութը,
հուսահատ կատաղության են հասցնում ընդդիմադիրները
դավաճան բառի վանկարկումներն իրենց,
մեկ րոպե լռության ընդհատումներով է
գալարվում օրացույցային բուքը ցրտաբեր,
օղին խմվում է միայն ի փառս և ի հիշատակ,
առևտուրը եռում է դառնորեն․
այս տարի տոնածառ չենք դնելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *